ԱՄՆ-ը համաձայնել էր ստանձնել Հայաստանի մանդատը, եւ ամերիկացի գեներալ Հարբորդի ուղեւորության նպատակն էր պարզել նաեւ, թե ինչ ռեսուրսներ ու ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ Հայաստանի մանդատային կառավարման համար։
1919թ. օգոստոսի 14-ին գեներալ Ջեյմս Հարբորդը հանդիպում է Փարիզի խորհրդաժողովի ամերիկյան պատվիրակության ղեկավար Ֆրենկ Փոլքին եւ ստանում համապատասխան հրահանգները։ Ըստ որոշ աղբյուրների՝ Շվեդիայի դեսպանատան միջոցով Հարբորդը կապ է հաստատում Մուստաֆա Քեմալի հետ եւ երաշխիքներ ստանում, որ Անատոլիայում արշավախումբը խոչընդոտների չի հանդիպի։ Սեպտեմբերի 2-ին ամերիկյան «Մարթա Վաշինգտոն» նավը երկու ականակիրի ուղեկցությամբ խարիսխ է գցում Կ. Պոլսի նավահանգստում։
Սեպտեմբերի 4-ին գեներալին այցելում են հայկական համայնքի առաջնորդներն ու Պոլսում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Թահթաճյանը։ Հայերը խորին շնորհակալություն են հայտնում գեներալին ամերիկյան կառավարության աջակցության եւ հոգածության համար։
«Ժողովուրդ», 5 սեպտեմբերի, 1919թ., թիվ 32 (Կ.Պոլիս)
«Զորավարը տվավ հյուրերուն կարգ մը հարցումներ, տեղեկանալու համար հայերու արդի կացության մասին. ինչպես եւ այն ծրագիրներու նկատմամբ, զոր ունին անոնք վերաշինելու համար իրենց հայրենիքը: Զորավար... հետաքրքիր էր գիտենալու, թե հայերը պիտի վերադառնա՞ն իրենց հայրենիքը շենացնելու համար զայն եւ թե անոնք արդեն առեւտրական, ճարտարապետական եւ այլ գործի ծրագիրներ եւ ձեռնարկներ մշակա՞ծ են: Այս հարցումներուն պատասխանը տվին հոգեւոր պետերը... մեր բոլոր գաղութներում հայերը անհամբեր կսպասեն այն րոպեին, ուր պիտի կրնան վերագտնել իրենց հողը, իրենց օճախը եւ նվիրվիլ ստեղծագործ աշխատանքի: Վկա ատոր այն ահագին գաղթականությունը, որ տենդագին կսպասե Սեւ ծովի ռուսական ափերուն վրա»:
Հարբորդը հայկական համայնքի ներկայացուցիչներին տեղեկացնում է, որ իր առաքելությունը որեւէ կապ չունի գնդապետ Հասքելի հետ, քանի որ ինքը ներկայացնում է ԱՄՆ նախագահին, իսկ Հասքելն Անդրկովկաս է ուղարկված Փարիզի հաշտության խորհրդաժողովի կողմից։
Մի քանի օր Պոլսում մնալուց հետո Հարբորդի խումբը մեքենաներով ուղեւորվում է Թուրքիայի արեւելյան շրջանները։ Մեկ ամսվա ընթացքում նրանք այցելում են Խարբերդ, Դիարբեքիր, Սվազ, Էրզրում, Կարս, ապա Երեւան, այնտեղից էլ՝ Թիֆլիս եւ Բաքու։ Այս հիմնական երթուղուց բացի, ամերիկյան զինվորականները լինում են նաեւ Կիլիկիայում։
Քեմալի եւ Հարբորդի հանդիպումը
Սեպտեմբերի 4-11-ը Սվասում տեղի ունեցած թուրք ազգայնականների ժողովից մի քանի օր անց տեղի է ունենում Մուստաֆա Քեմալի եւ գեներալ Հարբորդի հանդիպումը։ Քեմալը Հարբորդին ներկայացնում է իրենց դիրքորոշումը քրիստոնյա բնակիչների, միջազգային մանդատի եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Վիլսոնը իր բողոքն էր ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով նրանց անհապաղ դադարեցնել քրիստոնյաների հալածանքները։ Քեմալը հասկանում էր, որ մինչեւ բարենպաստ պայմաններ չհաստատվեն, ինքը չի կարող հարձակվել Հայաստանի վրա, հետեւաբար փորձում էր ամեն գնով միջազգային հանրությանը համոզել, որ քրիստոնյաների հանդեպ որեւէ բացասական տրամադրություն չունի։ Բացի այդ, միջազգային հանրությունն ակտիվորեն քննարկում էր Թուրքիայի համար առանձին մանդատ հաստատելու հարցը։ Ըստ նախնական տարբերակի՝ ենթադրվում էր, որ Թուրքիայի մանդատը կհանձնվի Մեծ Բրիտանիային, իսկ Հայաստանինը՝ Միացյալ Նահանգներին, ինչը բացարձակ ձեռնտու չէր Քեմալին։ Նա հույս ուներ, որ Ամերիկայի մանդատը ստանալու դեպքում կկարողանա ֆինանսական աջակցություն ստանալ եւ վերականգնել Թուրքիայի քայքայված տնտեսությունը։
Քեմալի հետ հանդիպման մասին Հարբորդը գաղտնի զեկուցագրով հաղորդում էր.
«Ազգայնական շարժման նպատակն է փորձել պահպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունն իբրեւ մեկ ամբողջական մանդատային տերիտորիա։ Նրանք մեծ երկյուղ ունեն մեծ տերությունների տերիտորիալ ոտնձգություններից։ Ես համոզված եմ, որ թուրքական պաշտոնյաներն իրագործում են զինադադարի պայմանները, եւ որ բանակը զորացրված է հիմնովին»։
Նույն զեկուցագրում Հարբորդը նշել էր, որ «ամբողջ ճանապարհորդության ընթացքում մենք ոչինչ չտեսանք, որը մատնանշեր Թուրքիայի նպատակը՝ անցնել սահմանը եւ կոտորել հայերին, ինչպես որ կանխագուշակում էին Փարիզից մեր մեկնելուց առաջ ստացված հեռագրերը։ Ես համոզված եմ, որ Թուրքիան ոչ հակում եւ ոչ էլ կարողություն ունի նման նպատակ հետապնդելու»,- գրում էր Հարբորդը (Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երեւան, 1972թ.)։
Ուղիղ մեկ տարի անց՝ 1920թ. սեպտեմբերին, թուրքական իշխանությունների «հակումներն ու կարողություններն» արդեն փոխվել էին, եւ Քեմալը սկսում է պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ։
Հարբորդի հաշվետվությունը
Հարբորդն իր ուղեւորության արդյունքներն ամփոփում է ծավալուն հաշվետվության մեջ, որը ներկայացվում է ԱՄՆ Սենատին ու նախագահին։ Իր հաշվետվությունում Հարբորդը նախ համառոտ ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը՝ անդրադառնալով երբեմնի հզոր պետականությանը, քրիստոնեության ընդունմանը, արաբների, սելջուկների եւ այլ ցեղերի դեմ պատերազմներին եւ վերջապես՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բաժանմանը։ Նա նշում էր, որ Սուլթան Համիդի կառավարման տարիներին հայկական ջարդերը դառնում են համակարգված ու պարբերական։ Հարբորդը գրում էր, որ իրենց առաքելության հաշվարկներով Թուրքահայաստանում կար շուրջ 270 հազար հայ, իսկ Անդրկովկասում եւ այլ վայրերում փախստականների թիվը հասնում էր կես միլիոնի։
Հարբորդի հաշվետվությունը արժեքավոր է ոչ միայն իր ռազմաքաղաքական բովանդակությամբ, այլեւ Հայոց ցեղասպանությունից կարճ ժամանակ անց Թուրքիայում տիրող իրադրության, հայերի վիճակի, հակահայկական տրամադրությունների նկարագրությամբ, որոնք ձեռք էին բերվել զինվորականների ու տարբեր մասնագետների անմիջական դիտարկումների արդյունքում։ Եվ եթե հաշվի առնենք, որ հաշվետվությունը ներկայացվել էր ԱՄՆ Սենատին ու նախագահին, ապա դրա նշանակությունն էլ ավելի է մեծանում։
Արշավախմբի հաշվետվության մեջ անդրադարձ կար նաեւ Ադրբեջանին։ Հարբորդը գրում է, որ քրդերից բացի իրենց մեքենաները գնդակոծվել են նաեւ թաթարների կողմից.
«Ադրբեջանում նույնպես գնդակոծեցին մեզ։ Թալանի նպատակով գնացքների խորտակումը Անդրկովկասյան երկաթուղիներում հաճախ է պատահում, ուստի Վրաստանի կառավարությունը նախազգուշական միջոցներ էր ձեռք առել եւ անվտանգության համար մեր գնացքից առաջ գնացքաքարշ ուղարկել։ Մայրուղիներն անվտանգ չէին անգամ մեծ քաղաքների արվարձաններում։ Վրաստանում ու Ադրբեջանում գրեթե յուրաքանչյուր ոք քաղաքից դուրս հրացանով էր շրջում։ Իսկ երբ ուզում էր մայրուղով գնացողին կանգնեցնել, ձեռքով էր անում կամ ձայն էր տալիս, եւ եթե ճամփորդն ուշադրություն չէր դարձնում, կարող էր կրակել նրա վրա»։
Հայկական հարցի լուծման համար, ըստ Հարբորդի, անհրաժեշտ էր պատասխանել երկու կարեւոր հարցի՝ ի՞նչ անել Թուրքիայի հետ, եւ ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստանը։ Մինչ այս հարցերի վերջնական կարգավորումը Անատոլիայի, Ռումելիայի, Կ. Պոլսի եւ Անդրկովկասի մանդատը պետք է տնօրինի նույն պետությունը։
Ներկայացնելով Միացյալ Նահանգների շահը՝ Հարբորդն առաջարկում էր Թուրքական կայսրության տարածքն ամբողջությամբ ներառել մանդատային մեկ կառավարության մեջ, ինչն ավելի հեշտ ու ձեռնտու կլիներ: Նա մտավախություն ուներ, որ տարբեր երկրների կողմից մանդատային կառավարումը կհանգեցներ շահերի սուր բախման, եւ տարածաշրջանը կհայտնվեր նոր պատերազմի սպառնալիքի առջեւ։
Հարբորդի հաշվարկները
Ուշագրավ են Հարբորդի ռազմական ու ֆինանսական հաշվարկները, որոնց համաձայն ԱՄՆ-ը կարող էր տեղակայել մոտ 60 հազար զինծառայող, մեքենայացված եւ հեծյալ ստորաբաժանումներ, որոնք կկարողանային տարանջատել հակամարտող բնակչությանը, ուսուցանել նոր ձեւավորվող ոստիկանական ուժերին, ապա աստիճանաբար նվազեցնել զինվորների թիվը։ Հարբորդը կարեւորում էր օդուժի դերը մանդատային առաքելությունն իրականացնելու գործում:
Հանձնախմբի ֆինանսական հաշվարկներով հինգ տարվա մանդատային պարտավորությունները Միացյալ Նահանգներին կարժենային մոտ 800 մլն դոլար։ Այս զգալի ծախսը Հարբորդը համարում էր արդարացված՝ նշելով, որ «ավելի լավ է մանդատի համար ծախսել միլիոններ, քան միլիարդներ՝ պատերազմի համար»։
Հարբորդը Երեւանում
Գեներալ Հարբորդի հանձնախմբին, որը Երեւան է հասնում սեպտեմբերի 29-ին, ճոխ ընդունելություն են ցուցաբերում։ Հարբորդը գալիս էր Կարսից, եւ կառավարական պատվիրակությունն ու ժողովուրդը նրան դիմավորում է Հրազդանի կիրճում։ Հենց նույն օրը ամերիկյան հանձնախումբը սկսում է ուսումնասիրել Հայաստանի տնտեսության, քաղաքականության, հարեւանների հետ հարաբերությունների վերաբերյալ կառավարության կազմած տեղեկագիրը։ Ըստ Ալեքսանդր Խատիսյանի՝ ամերիկացիները Թուրքիայի եւ Հայաստանի համար ընդհանուր մանդատ հաստատելու հարցում խիստ շահագրգիռ էին:
«Ամերիկացիները շատ կզբաղեցներ այն հարցը, թե ինչպես կապ պահպանել Հայաստանի հետ՝ Դարդանելի փակվելու պարագային։ Նրանք կկարծեին, թե պետք է ամուր կանգնիլ Ալեքսանդրեթի մեջ եւ Դարդանելի փակման պարագային երկաթուղիով անցնիլ մինչեւ Կովկաս։ ...Ամերիկացիք կկամենային մանդատի խնդիրը կապել վառելիքի, այսինքն՝ Բաքվի նավթի խնդրի հետ։ Անոնց կթվեր, որ տնտեսական հայեցակետեն Փոքր Ասիան եւ Անդրկովկասը կներկայացնեն ամբողջություն մը»,- գրում էր Խատիսյանը։
Սիմոն Վրացյանի վերաբերմունքը Հարբորդի առաքելությանն ավելի զուսպ էր. «Շատ էլ մխիթարական չէին հայերի համար։ Հայերը պետք ունեն արտաքին հոգատարության, եւ Միացյալ Նահանգները պետք է ընդունի հոգատարությունը»։
Երեւանում Հարբորդը եւս մեկ ուշագրավ դիտարկում է անում. վարչապետ Խատիսյանի հետ հանդիպման ժամանակ նա Անգորայի կառավարության նախագահ Ռաուֆ բեյի ողջույնն է հաղորդում Խատիսյանին եւ խորհուրդ տալիս ընդունել թուրքերի առաջարկը եւ բանակցություններ սկսել։
«Մենք այդ խորհուրդին չհետեւեցանք, հավատացած ըլլալով, որ մեր խնդիրը պիտի լուծվի Փարիզի մեջ։ Համենայն դեպս, եթե բանակցություններու մեջ ալ մտնեինք, հավանորեն գործնական եւ ցանկալի արդյունքներ պիտի չստանայինք։ Մենք մեր ամբողջ հույսը դրած էինք Փարիզի վրա»,- գրում է Խատիսյանը։
***