1920 թվականը սկսվել էր Անդրկովկասում բոլշեւիկյան մեծացող ազդեցությամբ, ինչը ճակատագրական նշանակություն էր ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ հարեւան պետությունների համար։ Հետագա ամիսների գրեթե բոլոր քաղաքական իրադարձությունների առանցքում լինելու էին Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե 1919թ. աշնանը հույս կար, որ Դենիկինն Արեւմուտքի ֆինանսական աջակցությամբ կկարողանա հաղթել բոլշեւիկներին, ապա տարեվերջին ակնհայտ էր, որ Կարմիրներն ունեին ռազմական ու տնտեսական անվիճելի առավելություն, որի դեմ անզոր էին պառակտված ու թուլացած սպիտակգվարդիական զորամասերը։

Դենիկինը նահանջում է

Գեներալ Դենիկինը, լինելով մեծապետական, կայսերական զինվորական, ոչ մի կերպ չէր ընդունում Ռուսական կայսրության ծայրագավառների, այդ թվում՝ Անդրկովկասի երեք հանրապետության անջատումը, եւ չնայած ընդհանուր թշնամու՝ բոլշեւիզմի դեմ պայքարին՝ չէր պատրաստվում ճանաչել նրանց անկախությունը։ Իրադրությունը, սակայն, կտրուկ փոխվեց 1920թ. սկզբին, երբ Ռուսաստանի հարավի զինված ուժերը իրար հետեւից ծանր պարտություններ կրեցին, իսկ Արեւմուտքը, հատկապես՝ Մեծ Բրիտանիան, հրաժարվեց աջակցել Սպիտակներին։

Որքան մոտենում էր բոլշեւիկյան վտանգը, այնքան Կովկասում շահեր ունեցող խաղացողները փոխում էին հռետորաբանությունն ու քաղաքականությունը։ Արդեն գրել ենք, որ Անդրկովկասի երեք հանրապետության կառավարությունների ճանաչումն Արեւմուտքի կողմից գլխավորապես պայմանավորված էր այս հանգամանքով։ Փետրվարի սկզբին Կովկասի լեռնականների, ինչպես նաեւ Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ վերաբերմունքը փոխում է նաեւ գեներալ Դենիկինը։ Նա հայտարարում է, որ ճանաչում է բոլշեւիկների դեմ կռվող բոլոր փաստական կառավարությունների գոյությունը։ Ինչ վերաբերում է ծայրամասերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, ըստ Դենիկինի, դրանք կարգավորվելու էին «կառավարությունների միջեւ կնքվելիք պայմանագրով»։ Չնայած մեծապետական դիրքորոշման որոշակի մեղմացմանը, Դենիկինը չէր շտապում ճանաչել հանրապետությունների անկախությունը։ Հայկական մամուլը գրում էր, որ Դենիկինի վերաբերմունքի փոփոխությունը, թեեւ ակնհայտ է, սակայն ուշացած է.

«...Կամավորականներն այժմ շատ են խելոքացել ու զիջող դարձել. նրանք հիմա Անդրկովկասի կառավարություններն էլ են ճանաչում, կոզակների ինքնավարությանն էլ են հավան, սահմանադիր ժողով էլ են ուզում... Բայց գեն. Դենիկինը կարծես մի քիչ ուշացել է։ 4-5 ամիս առաջ այդ ճառում արտահայտված մտքերի իրագործումը կարող էր շատ կազդուրիչ հետեւանք ունենալ, այսօր նա միայն ճառ է, դատարկ խոսում»,- գրում էր «Հառաջ»-ը 1920թ. փետրվարի 17-ի խմբագրականում։

Ադրբեջանի նոր կառավարությունը

1920թ. փետրվարի սկզբին բոլշեւիկյան զորամասերն արդեն վերցրել էին Սոչին, ամրապնդում էին իրենց դիրքերը Հյուսիսային Կովկասում, ինչպես նաեւ շարժվում էին դեպի Պետրովսկ։

Անդրկովկաս ներթափանցելու հիմնական ուղղությունը Ադրբեջանն էր, որտեղ էլ աստիճանաբար սրվում էր ներքաղաքական իրադրությունը, ինչն իր ազդեցությունն էր ունենում նաեւ Հայաստանի հետ պատերազմական շրջաններում, մասնավորապես՝ Ղարաբաղում եւ Զանգեզուրում։

1919թ. դեկտեմբերի 22-ին Ադրբեջանում ձեւավորվել էր նոր կառավարություն։ Վարչապետ Նասիբ բեկ Ուսուբբեկովն այդ կառավարության կազմում ընդգրկել էր նաեւ սոցիալիստական ուժերի ներկայացուցիչներին, որն էլ բոլշեւիկյան շարժումների ակտիվացմանը զուգահեռ դառնում է ներքաղաքական հակամարտության պատճառ։ Նոր կառավարության 14 նախարարից 3-ը սոցիալիստներ էին, 3-ը՝ անկուսակցական, 3-ն էլ՝ Մուսավաթի անդամ։ Հատկապես ուշագրավ է մյուս երեք նախարարի կուսակցական պատկանելությունը. նրանք բոլորն էլ Իթթիհատի անդամներ էին։

1920թ. սկզբին Ադրբեջանում զգալի ուժ եւ հեղինակություն էր ձեռք բերել Իթթիհատ կուսակցությունը։ Դեռեւս 1917թ. սեպտեմբերին ստեղծված կուսակցության անունը սկզբնապես «Ռուսական Մուսուլմանների միություն» էր, որը հետագայում միավորվեց «Իսլամի միության» հետ եւ ստացավ Իթթիհատ անվանումը։

Կուսակցության հիմնադիրներից էր Կարա Կարաբեկովը, որը հայտնի էր իր պանիսլամական հայացքներով։ Ժամանակի ընթացքում Իթթիհատն աստիճանաբար ստանում է առավել ձախակողմյան դիմագիծ եւ 1920թ. սկզբին բոլշեւիկների հանդեպ անթաքույց համակրանք է ցուցաբերում։

 

Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ճիշտ չէր լինի բացատրել միայն կուսակցական պայքարով ու ներիշխանական դավադրություններով։ Ադրբեջանում մեծանում էր սոցիալական դժգոհությունը, Հայաստանի հետ շարունակվող երկարատեւ ու արյունալի պատերազմը նույնպես իր բացասական ազդեցությունն էր ունենում։ Բացի այդ, Բաքվում, որը հայտնի էր իր բանվորական լայն շրջանակով, առավել հեշտությամբ էին տարածվում բոլշեւիկյան գաղափարները. սոցիալիստական հայացքներ ունեցող ուժերը տեսնում էին, որ Ադրբեջանն առավելապես կապիտալիստական երկիր է, որտեղ բանվորների շահագործումը մեծ չափերի է հասնում, ինչը մեծացնում էր դժգոհությունը կառավարող ուժից։ Այսինքն՝ կար պարարտ հող բոլշեւիկյան գաղափարախոսության տարածման համար։

Թուրքիայի գործոնը

Քիչ դերակատարություն չուներ նաեւ Թուրքիայի գործոնը: 1920-ի փետրվարին Փարիզի համաժողովը քննարկում էր Թուրքիայի ապագան. վերջինիս տարածքային կորուստներն անխուսափելի էին։ Այս պայմաններում Քեմալական ուժերը բացահայտորեն հայտարարում էին բոլշեւիկների հետ դաշնակցելու իրենց որոշման մասին։ Ադրբեջանում Թուրքիայի մասնատումը չէր կարող դրական արձագանքի արժանանալ, եւ թուրքական բոլշեւիկամետ դիրքորոշումն իր աջակցությունն էր ստանում նաեւ այնտեղ։

«Աշխատավոր», 5 փետրվարի, 1920թ., թիվ 28

«Ուժեղանում է բոլշեւիկյան օրիենտացիա ունեցող Իթթիհատը, որը փաստորեն հանդիսանում է երիտասարդ թուրքերի կուսակցությունը եւ որը սերտորեն ու անբաժան կերպով կապված է տաճկական քաղաքական կուսակցության հետ։ Բավական է աչքի անցկացնել «Ազերբայջան Ֆուկարասը» կամ Իթթիհատը, որպեսզի պարզ լինի այդ կուսակցության իսկական էությունն ու նրա ձգտումների հեռապատկերը։ Այն բոլոր տարրերը, որոնք Տաճկաստանի մի մասնիկն են նկատում Ադրբեջանը, որոնք ոգեւորված են պանիսլամական պրոպագանդով եւ իրենց ծրագրերի իրագործումը տեսնում են բոլշեւիկների հետ համագործակցության մեջ, այսօր բաժանվելով Մուսավաթից՝ համախմբվել են Իթթիհատի շուրջը եւ քարկոծում են իրենց վաղեմի alma mater-ը»։

Նուրի եւ Խալիլ փաշաները

1920-ի հունվարի վերջին տեղի է ունենում Բաքվի բանվորական համաժողովը, որտեղ արձանագրվում է բանվոր դասակարգի ծանր դրությունը։ Համաժողովը որոշում է, որ կառավարությունը կամ պետք է արմատապես վերանայի իր դիրքորոշումը Խորհրդային Ռուսաստանի հանդեպ կամ «խորհրդային իշխանություն հիմնի Ադրբեջանում»։

 

 

Ի տարբերություն ընդդիմադիր ուժերի՝ Մուսավաթը գոնե արտաքնապես հանդես էր գալիս Ադրբեջանը որեւէ արտաքին ազդեցությունից զերծ պահելու օգտին։

Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Թումանյանը 1920թ. փետրվարի 17-ին հեռագրում էր, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Վեքիլովի հետ քննարկել է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ըստ Վեքիլովի՝ վարչապետ Ուսուբբեկովը եւ արտաքին գործերի նախարար Խան-Խոյսկին հանդիպել են Ադրբեջանում գտնվող թուրք բարձրաստիճան սպաներ Նուրի եւ Խալիլ փաշաներին, որոնք Իթթիհատ կուսակցության անդամներ են։ Ուսուբբեկովն ասել է, որ «կառավարությունը ցանկանում է Ադրբեջանն ազատ տեսնել որեւէ ազդեցությունից՝ անգամ հավատակից թուրքականից։ ...Եթե վերոնշյալ փաշաները ցանկանում են իրենց օգնել այդ հարցում, ապա կառավարությունը հաճույքով կընդունի նրանց համագործակցությունը, հակառակ դեպքում՝ ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել նրանց ճանապարհից հեռացնելու համար» (ՀԱԱ, ֆ.275, ց.5, գ.212, թ.31)։

Նուրիի ու Խալիլի կապը Իթթիհատ կուսակցության հետ լայն քննարկման առարկա է դառնում Բաքվում, եւ շուտով Նուրի փաշան պաշտոնապես հերքում է իր կապը Իթթիհատի հետ։

Չիչերինի հեռագրերը

Բոլշեւիկյան իշխանությունն Ադրբեջանի դեպքերի պարզ դիտորդ չէր եւ ակտիվ քայլեր էր ձեռնարկում: 1920-ի հունվարին Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը դիմում է Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ պահանջելով վերանայել իրենց վերաբերմունքը Դենիկինի հանդեպ։ Չիչերինը պահանջում էր ոչ միայն բարիդրացիական հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ, այլեւ անհապաղ պայքար սկսել Կամավորականների դեմ, այսինքն՝ թիկունքից գրոհել Դենիկինի վրա։

 

 

Երկու հանրապետությունն էլ մերժում են բոլշեւիկների այս առաջարկը, սակայն շուտով ստացվում է Չիչերինի երկրորդ հեռագիրը, որտեղ խորհրդային ժողկոմը մանրամասն ներկայացնում էր Ադրբեջանի բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել էին բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ։ Այդ քայլերը որակվում էին որպես թշնամական գործողություն, եւ կրկին կոչ էր արվում սերտորեն գործակցել Խորհրդային Ռուսաստանի հետ.

«Ռուսաստանի կառավարությունը ստիպված է ներկա վայրկյանիս արձանագրելու, որ Ադրբեջանի անկախության կործանում բերող ցարական գեներալ Դենիկինի դեմ միաբան գործելու առաջարկությունը արձագանք չգտավ Խան-Խոյսկու կառավարության կողմից։ Այնուամենայնիվ, Խորհրդային կառավարությունը մնում է իր առաջարկի վրա եւ հույս ունի, որ իր ձեռնարկած քայլն անհաջող չի անցնի։ Արտաքին գործերի ժողկոմ՝ Չիչերին» («Աշխատավոր», 10 փետրվարի, 1920թ., թիվ 32)։

Ադրբեջանը Ռուսաստանին ներկայացնում է գործակցության պայմանները, այն է՝ «Խորհրդային կառավարության հետ կարելի է բանակցել միայն այն պայմանով, որ վերջինս Ադրբեջանի հետ հաստատի նույնպիսի փոխհարաբերություններ, որպիսիք հաստատել է Էստոնիայի եւ Լեհաստանի հետ»։ Վերջին երկուսի հետ ուղղակի բանակցությունների արդյունքով Ռուսաստանը ճանաչել էր նրանց անկախությունը։

Հայերի հետ խոսել ուժի դիրքերից

Իշխանության համար պայքարն Ադրբեջանում չէր նշանակում, թե այդ երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ տարբերվում էր. բոլորն էլ հայերին համարում էին թշնամի, որոնց հետ պետք էր խոսել ուժի դիրքերից։ Անգամ ներքաղաքական լարված պայքարի ու բոլշեւիկյան ներխուժման սպառնալիքի պայմաններում Ադրբեջանը մեծ ուժեր էր կենտրոնացրել Ղարաբաղում, որի արյունալի հետեւանքները շուտով ի հայտ են գալիս։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը 1920թ. մարտին հեռագրում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որ Ադրբեջանում ձեւավորվել է երկու հակընդդեմ հոսանք։ «Կհաջողվի՞ արդյոք Ադրբեջանի կառավարությանը մի ելք գտնել ներկա քաղաքական դրությունից. դժվար է ասել, բայց մի բան պարզ երեւում է. այն է՝ բոլշեւիկների հետ համաձայնության գալու դեպքում Բաքվի կառավարության ագրեսիվ քաղաքականությունը մեր վերաբերմամբ կուժեղանա»,- հայտնում էր Միքայել Թումանյանը։

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: