1919թ. ապրիլի 28-ին Երեւանում լույս տեսնող «Վան-Տոսպ» թերթը գրում էր, որ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Զորավար Անդրանիկին ու նրա Հայկական առանձին հարվածող զորամասի փառապանծ մարտիկներին դիմավորելու։
«Ի՞նչ է այս մարդու հմայքը, որ զինքը պաշտելի դարձուցեր է համայն հայության, անշուշտ իր անկեղծությունն եւ ճշմարիտ ու անձնվեր հայրենասիրությունը»,- գրում էր թերթը։ Մեկ տարվա ընթացքում Անդրանիկն ու իր մարտիկները ծանր կռիվներ էին մղել Հայաստանի ամենատարբեր հատվածներում, եւ Նախիջեւանից մինչեւ Ղարաբաղ ու Զանգեզուր փառքով պսակել հայ զինվորի անունը, մահից փրկել տասնյակհազարավոր գաղթականների։
Անդրանիկը լքում է Ղարաբաղը
Անդրանիկի վերջին կռիվը Ղարաբաղում էր, որը սակայն կիսատ է մնում. անգլիական հրամանատարությունը նրան զգուշացնում է, որ ռազմական գործողությունները Ղարաբաղում հարվածի տակ կդնեն Հայկական հարցի լուծումը Փարիզի վեհաժողովում։ 1919թ. մարտի վերջին Անդրանիկը սկսում է դուրս բերել իր զորամասը Ղարաբաղից։ Սիսիանի բնակիչները 260 ձի ու ջորի են տրամադրում զորամասի սպառազինությունն ու անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Անդրանիկը Ղարաբաղում իր վրդովմունքն ու դժգոհությունն էր հայտնել բրիտանական զինվորական հրամանատարությանը՝ նրանց մեղադրելով հայերի արդարացի պահանջներն անտեսելու համար։ «Արդեն երեք ամիս է, ինչ անգլիացիներն այս շրջանում են եւ ոչինչ դեռ չեն արել հայ ժողովրդի համար, խոչընդոտում են մեր գործողություններին եւ արգելք դնում մեր արդարացի պահանջների վրա։ Հայերն անընդհատ զիջում են, եւ նրանց ավելի ու ավելի են ճնշում։ Մեր այս զիջող բնավորությունը, ինչպես նաեւ սոված, աղքատ ու խեղճ վիճակը օգտագործում են մեր վրա ճնշում գործադրելու համար, իսկ քանի որ թուրքերն ավելի հզոր են երեւում, բնական է աջակիցներ են գտնում»,- անգլիացի մայոր Գիբբոնի հետ զրույցում ասել էր Անդրանիկը (Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов, Ереван, 1992)։ Գիբբոնն էլ ասել էր, որ եթե գեներալը համաձայնի հանդիպել գեներալ Թոմսոնի հետ, ապա կհամոզվի, որ իր դժգոհությունները հիմնավոր չեն։ Անդրանիկը պատասխանել էր, թե ինքը Թոմսոնի մասին կարծիք կազմել է ոչ թե տեսնելով, այլ նրա գործերով։
Սիսիանից շարժվելուց առաջ Անդրանիկը որբանոցին է հանձնում 2-3 ամսվա ուտելիք ու դրամ, ինչպես նաեւ գյուղերում տեղավորված արեւմտահայ գաղթականներին տրամադրում է ցորեն եւ ալյուր։ Ճանապարհը դժվարին էր ու ձյունապատ, եւ Անդրանիկի հանձնարարությամբ առաջապահ խմբեր էին ուղարկվում, որոնք ստուգում էին անցումները, հնարավոր վտանգները, ճանապարհ հարթում, մինչեւ զորամասի հիմնական կազմի ժամանումը։
«Չորս կողմը ձյուն։ Ճանապարհը շինված է ձյունը կոխոտելով եւ կարծրացնելով, որովհետեւ գետնին հասցնել անհնարին է, այնքան խոր է ձյունը. տեղ-տեղ, սակայն, կարծրացած ձյունը կակուղցած է գիշերվա անձրեւի պատճառով, եւ ահա ձիուն ոտքը կխրվի, պետք է թիերով աշխատիլ ճամփան շտկելու համար։ Մի ձիու համար ետեւեն եկող ամբողջ կարավանը ստիպված է կենալ, սպասել. ուրիշ ճամփա ալ չկա» (Եղիշե Քաջունի, Հայկական առանձին հարվածող զօրամասը. Ժեներալ Անդրանիկ, Պոսթոն, 1921)։
Ապրիլի 8-ին զորամասը հասնում է Դարալագյազ, որտեղ հանգրվանել էր նախիջեւանցի շուրջ 17 հազար փախստական։ Անդրանիկը նրանց նույնպես օգնում է։ Մայոր Գիբբոնը, որն ուղեկցում էր Անդրանիկին, առաջ է շարժվում Դավալու՝ զորամասի սննդի, զինամթերքի եւ այլ հարցերի կարգավորման համար։ Քաջունին նշում է, որ Անդրանիկը մայորին ասել էր, թե ինքն այլեւս գեներալ Թոմսոնի օժանդակության կարիքը չունի, եւ «եթե միջոց ունենայի, կվերադարձնեի այն դրամական փոքր օժանդակությունը, որ եղած է Զորամասին (250.000 ռուբլի)»։
Հայ մարտիկներն ու հնդիկ զինվորները
Ապրիլի 11-ին զորամասը հասնում է Դավալու։
«Հրաշալի համայնապատկեր մը կպարզվի։ Հեռո՜ւն որոշ, եւ վեհափառ կերեւին Մեծ ու Փոքր Մասիսները, Երեւանի դաշտը, Գըրգ Բուլաղի, Քանաքեռի բարձրությունը, դաշտի մեջ, մեզ շատ մոտով, Արազը օձապտույտ ու փայլփլուն, դեպի ձախ Շախթախտը, Մակուի լեռները, իսկ ճիշտ մեր քթի տակ փոքր բլրակներ, Բոյուք Վեդիի եւ Արարատ կայարանի ուղղությամբ, որոնք այժմ կկազմեն Արարատյան Հանրապետության վերջին գիծը Նախիջեւանի ուղղությամբ» (Եղիշե Քաջունի, Հայկական առանձին հարվածող զօրամասը. Ժեներալ Անդրանիկ, Պոսթոն, 1921)։
«Արարատ» կայարանում Անդրանիկին դիմավորում եւ հյուրասիրում են անգլիացի զինվորականները։ Հայ մարտիկներն առաջին անգամ տեսնում են հնդիկ զինվորներին, որոնք ծառայությունից հետո հանգստանում էին։
«Բարակ, երկար, սեւ, փայտի պես սրունքներ ու բազուկներ են ճարպիկ շարժումներով, ճկուն իրանով եւ փաթաթված գլուխներով, գրեթե բոլորովին մերկ են, ունին միայն մեջքերնին կապած ճերմակ գոգնոց մը։ Հավանաբար իրենք ալ մեր վրա կզարմանան, փոշոտված, զանազան տարազներով։ Հարաբերությունն հայ զինվորներու հետ սերտ է»,- այսպես է նկարագրում անգլիական բանակի հնդիկ զինվորներին Քաջունին։
«Արարատ» կայարանում Հարվածային զորամասը բաժանվում է երկու մասի՝ հետեւակայինները գնացքով, իսկ հեծյալները խճուղով շարժվում են եւ ապրիլի 13-ին հասնում Էջմիածին։
Զորավարը հրաժարվում է գնալ Երեւան
Անդրանիկը կոշտ ու անհանդուրժող դիրքորոշում ուներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ։ Թեեւ կառավարությունը 1919թ. ապրիլի 9-ի նիստին որոշել էր «պատշաճ պատվով ընդունել Անդրանիկին», սակայն զորավարը հրաժարվել էր գնալ Երեւան. Էջմիածնում նրան դիմավորել էր Դրոն։
«Անդրանիկը դիմավորելու եկած էին Դրոն՝ Հայաստանի պատերազմական փոխնախարարը, եւ Սարգիս Մինասյան՝ ներքին գործերի նախարարի օգնականը, եւ ուրիշ պետական դեմքեր, որոնք բարի գալուստ մաղթեցին անոր եւ առաջարկեցին զինք եւ իր ուժասպառ զինվորները փոխադրել Երեւան՝ շոգեկառքով, ուր պետական մակարդակի վրա իրեն պատշաճ ընդունելություն պիտի տրվեր եւ ընդունվեր իբր ազգային հերոս։ Թրքահայ ղեկավարը մերժեց Երեւան այցելելու իրեն տրված հրավերը»,- գրում է Քաջունին։
Էջմիածնում Անդրանիկը հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ, հարցազրույցներ տալիս հայկական թերթերին։ Այս հարցազրույցներից մեկում նա ներկայացնում է իր հիմնական տարաձայնությունները Հայաստանի իշխանությունների հետ։
«Վան-Տոսպ», 28 ապրիլի, 1919թ., թիվ 5
«Այն, իբր թե հայկական կառավարությունը, որ ոչ մի ջանք խնայեց ամեն կերպ արգելք հանդիսանալու իմ ամեն մի շարժման, ուզեց Հայաստանի սահմանեն դուրս վտարել զիս, ուզեց պառակտել իմ բանակս զանազան կեղծ ու պատիր միջոցներով։
...Այդ Ձեր կառավարությունը, որ մինչեւ այսօր ալ Ղարաբաղն ու Զանգեզուրը իր տերիտորիայի մասը կհաշվե, եւ թերեւս կմտածե հակառակ պարագային զենքի ուժի դիմել՝ օր մը մտաբերե՞ց այդ բանակի մասին, օր մը մտածե՞ց այդ բանակի պարենավորման ու ռազմամթերքի մասին։
...Մի կառավարություն, որ այդքան անհոգ է իր ժողովրդի մասին եւ ընդհակառակն կքաջալերե գողերն ու ավազակները, ապա ես դարձյալ կկրկնեմ, որ այդպիսի ավազակներու կառավարություն մը գոյություն չունի ինձ համար»։
Փոքրիկի հանդիպումը Անդրանիկի հետ
Խորհրդային Հայաստանի Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը իր հուշերում պատմել է, թե ինչպես է հանդիպել զորավար Անդրանիկին։ Էջմիածնում գտնվելու օրերին Անդրանիկի հին զինվորներից մեկը՝ Քոչոն (գրող Հրաչյա Քոչարի հայրը), Զորավարի հետ ծանոթացնելու է բերում Վարդգեսին եւ նրա հորը, ում հետ Քոչոն մտերիմ էր։
Վարդգես Համազասպյանը պատմում է, որ իր մանկական հուշերում Անդրանիկին պատկերացնում էր «հսկա, հրեղեն ձին հեծած, երկու ձեռքերին սուրեր բռնած՝ անխնա կհարվածեր թշնամիներին»։ Մեծ է լինում փոքրիկի հիասթափությունը, երբ Էջմիածնի «Ռսի բուլվարում» տեղակայված զինվորական վրաններից մեկի մոտ տեսնում է Անդրանիկին. «Քոչոյեն բավական կարճ, գլխաբաց, հողաթափերով, բեղերը վեր սրած հասարակ մարդ մը» (Անդրանիկ Չելեբյան, Զորավար Անդրանիկը եւ հայ հեղափոխական շարժումը, Երեւան, 1990թ.)։
Քոչոն, Վարդգեսի հայրը եւ Անդրանիկը նստում են բարձերին, զրուցում, ապա խնդրում են Վարդգեսին երգել «Հերոս Անդրանիկին» երգը, որը փոքրիկը սիրով կատարում է.
Հերոս մռնչեց, Սուլթան դողդողաց,
Վիլհելմի աչքից արտասուք ցոլաց,
Սուրդ՝ թշնամուն կրծքին շողշողաց,
Հայոց ղեկավար Հերոս Անդրանիկ...
Անդրանիկը Երեւանի վրա կը քալէ
Էջմիածնում Անդրանիկն իր ունեցած վերջին միջոցները բաժանում է զինվորներին՝ յուրաքանչյուրին 200 ռուբլի խղճուկ մի գումար։ Զորամասը լուծարվում էր, զինվորներին տալիս էին արձակման թերթիկներ, որոնց մի մասը գնում էր Երեւան։ Ապրիլի 19-ին Հրազդան գետի կամրջի մոտ ոստիկանները խուզարկում են Անդրանիկի զինվորներից մեկին, որի ժամանակ վերցնում են նրա դրամապանակը։
«Աղմուկին վրա, զինվորին զինակիցներեն մի քանի հոգի կու գան եւ կբռնեն ոստիկանը։ Վրա կհասնի սպա մը եւ ատրճանակը կը քաշե զինվորներուն վրա։ Զինվորները կը հակազդին ու կռիվը կը սկսի։ Լուրը կտարածվի»,- միջադեպն այսպես է նկարագրել Զորավարի կենսագիրը՝ Անդրանիկ Չելեբյանը։ Իմանալով դեպքի մասին՝ Անդրանիկը մեկ հարյուրյակ թողնում է Էջմիածնում, իսկ մնացած ուժերով շտապում է Երեւանի վրա։
Զանգվի կամրջի մոտ նրան կանգնեցնում է Էջմիածնի դիվանապետ Տիրայր եպիսկոպոսը, ապա՝ անգլիական ռազմական ներկայացուցիչ գնդապետ Դեւին։ Անդրանիկը մեկ ժամ ժամանակ է տալիս, որպեսզի սպանված ու վիրավոր զինվորներին հանձնեն իրեն։ Շուտով Զորավարի պահանջը կատարվում է, եւ հնարավոր է լինում խուսափել եղբայրասպան կռվից։
Ինքը՝ Անդրանիկը, գրում է, որ Զանգվի ձորի մոտ իրեն են մոտենում անգլիացի մի սպա եւ Մարտիկ Պալեոզյանը։ «Ասոնք ալ ինձ կը խոստանան անմիջապես բերել սպանված, վիրավոր ու բանտարկյալ զինվորներուս։ Կըսեն նաեւ, թե քիչ մը ետք կհասնի անգլիացի զորավար Դեւի։ Կը հասնիմ կամուրջին գլուխը եւ կսպասիմ ժամ մը։ Շատ չանցած կը բերեն ծունկեն վիրավորված զինվոր մը, զոր փոխադրել կու տամ Էջմիածին։ Սպանվածներուն դիակները կորսնցուցին, ըսելով, թե սպանված չկա»։ Թեեւ Անդրանիկը գրում է զոհերի մասին, սակայն աղբյուրները նշում են միայն մեկ զինվորի վիրավորվելու փաստը։
Դրոն պատմում է, որ նամակ է ուղարկել Անդրանիկին, որտեղ խնդրել է «իր պաշտած հայդուկապետին, որ նա սեւ արատ չբերի իր հեղափոխական անցյալին եւ հրաժարվի Երեւանի դեմ քայլեր առնելուց»։ Միաժամանակ նա Անդրանիկին ասել էր, որ իբրեւ Երեւանի զինվորական հրամանատար, «պարտք եմ զգում զգուշացնել քեզ, որ եթե չհրաժարիս քո մտադրությունից, դու ինձ կստիպես դիմել զենքի եւ կարող եմ վստահեցնել քեզ, որ Երեւան չես կարող մտնել»։
1919թ. ապրիլի 27-ին Անդրանիկը հեռանում է Հայաստանից։
***