Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից էր Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Կարող էր թվալ, թե մասնատված եւ քաղաքացիական պատերազմի մեջ թաթախված Ռուսաստանը հնարավորություն չուներ հարաբերություններ հաստատելու Անդրկովկասի հանրապետությունների հետ։ Սակայն փաստերը վկայում են, որ անգամ քաղաքացիական պատերազմի ամենածանր պահերին թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը պահպանում էին հարաբերությունները։
1919թ. հունիսի սկզբին Անդրկովկասում տեղեկություններ են տարածվում, որ գեներալ Դենիկինի զորամասերը գրավել են Դաղստանի մի շարք շրջաններ։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ Ադրբեջանից եւ Վրաստանից Դենիկինը պահանջում էր ընդունել իր իշխանությունը՝ փոխարենը խոստանալով լայն ինքնավարություն։
«...Լեռնական հանրապետության գրավումը անմիջական սպառնալիք է Ադրբեջանի անկախությանը: Ադրբեջանի բոլոր կուսակցություններն ու հոսանքները համաձայն են, որ Ադրբեջանի ժողովուրդը պարտավոր է կռվել այդ վտանգի դեմ: Եվ այդ պայքարի մեջ նա կունենա հավատարիմ բարեկամներ ու դաշնակիցներ՝ ի դեմս Անդրկովկասյան հանրապետությունների, որոնք գիտակցում են, որ մեր հանրապետության վտանգը՝ վտանգ է նաեւ մյուս հանրապետությունների համար»,- գրում էր «Ադրբեջան» թերթը։
Վրաստանը նույնպես խիստ մտահոգված էր Դենիկինի առաջխաղացմամբ եւ փորձում էր համաձայնության գալ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Հյուսիսից սպառնացող վտանգին համատեղ ուժերով դիմակայելու համար։ Միաժամանակ, վրացական քաղաքական որոշ շրջանակներ քննադատում էին Հայաստանին՝ ասելով, թե հայերը Դենիկինի կողմից են, քանի որ չեն պատրաստվում ռազմական գործողություններ ծավալել նրա դեմ։ Խոսելով Դենիկինի դեմ Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ հանդես գալու մասին՝ Գեգեչկորին 1919թ. հունիսին հայտարարել էր, որ «Ադրբեջանը մեզ հետ է, իսկ մյուս հանրապետությունը չէ կարող չեզոք մնալ եւ ընդհանուր թշնամու դեմ դուրս չգալ»։
Մեկ այլ քաղաքական գործիչ՝ Արսենաձեն, խորհրդարանում ասել էր, որ Դենիկինը Հայաստանը դիտարկում է որպես կամավորականների «պահեստի բանակ»։ «Մենք պետք է պահանջենք, որ Հայաստանի պատասխանատու շրջանները բացե ի բաց հայտարարեն. ճի՞շտ է ասում Դենիկինը, թե ստում է հյուսիսի հետադիմական գեներալը։ Բայց մենք հավատում ենք, որ նույնիսկ հակառակ իր կառավարությանը Հայաստանի դեմոկրատիան մեզ հետ կլինի Դենիկինի դեմ»։
Հայաստանի դիրքորոշումը
Դեռեւս 1918 թվականին Հայաստանը փորձում է ուղիղ կապեր հաստատել Լենինի իշխանության եւ անմիջական շրջապատի հետ։ Այդ հարաբերությունները խաթարվում են Ստեփան Շահումյանի սպանությունից հետո. բոլշեւիկները համարում էին, որ Շահումյանի ձախողման համար մեղավոր են ՀՅԴ Բաքվի ներկայացուցիչները։
1918-ի աշնանը, երբ սովը մոլեգնում էր Հայաստանում, իշխանությունները կապեր են հաստատում Կուբանի եւ Հարավային Ռուսաստանի իշխանությունների հետ հացահատիկ գնելու եւ Հայաստան ուղարկելու համար։
Ռուբեն Տեր-Մինասյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, գրում է, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ «ստեղծելու ձգտումը միշտ եղել է Հայաստանի ղեկավարների եւ Բյուրոյի մտահոգության առարկան»։ Ըստ Ռուբենի՝ հայերը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումով հույս ունեին նվազեցնել ադրբեջանական եւ թուրքական վտանգը, հացահատիկ եւ ռազմամթերք ստանալ, ինչպես նաեւ ակնկալում էին Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախության ճանաչումը։
Այս հարցերը կարգավորելը ծայրահեղ դժվար էր, եւ հայ-ռուսական հարաբերությունների ողջ բարդությունը պայմանավորված էր Ռուսաստանում տիրող բազմիշխանությամբ ու քաոսով։ 1919-ի սկզբին Ռուսաստանում ձեւավորվել էր առնվազն երեք իշխանություն, որոնցից յուրաքանչյուրն ուներ բավարար չափով զինված ուժեր, եւ հայտնի չէր, թե ինչով կավարտվի նրանց պայքարը։
«Այդ ժամանակ կային երեք Ռուսաստան՝ Դենիկինի, Կոլչակի, Լենինի։ Երեքն ալ համահավասար ուժեղ, երեքն ալ նույնքան հավանականություններ ունեին, որ տերը պիտի դառնան ամբողջական Ռուսաստանի, բայց երեքն ալ միմյանց թշնամի։
Երեք Ռուսաստանի հանդեպ մեր վերաբերմունքը եւ սպասելիքները եղած են նույնատեսակ, առանց գերադասելու մեկին կամ մյուսին, առանց նրանց պայքարին մասնակցելու կամ պայմանավորվելու օժանդակելու մեկին մյուսի դեմ։ Հարաբերության հիմք է եղած, որ Հայաստան, իբրեւ անկախ պետություն, կուզե Ռուսաստանի բարյացակամությունը եւ բարի դրացիությունը ապահովել։ ...Երեք Ռուսաստանի հետ էլ առանձին-առանձին բանակցություններ կվարվեր» (Ռուբեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հատոր 7, Երեւան, 1990):
Բաքվում հայ զինվորներին հավաքագրելու փորձերը
Ռուսաստանի Հարավի զինված ուժերը ներկայացուցիչներ ունեին Անդրկովկասի բոլոր հանրապետություններում. Հայաստանում էր գնդապետ Զինկեւիչը։ Դենիկինի բանակը, թեեւ 1919-ին գարնանն ու ամռանը զգալի հաջողություններ էր ունեցել, սակայն փոքրաթիվ էր եւ մշտական համալրման կարիք ուներ։ Հյուսիսային Կովկասի եւ Անդրկովկասի ներկայացուցիչները փորձում էին տարբեր միջոցներով կամավորականներ հավաքագրել բոլշեւիկների դեմ պայքարելու համար։
Արդեն 1919թ. գարնանը Բաքվի հայկական տեղեկատվական բյուրոն հաղորդում էր, որ Կովկասյան բանակի շտաբը գեներալ Պրժեւալսկու գլխավորությամբ Բաքվում հայ զինվորներին ու սպաներին հավաքագրում է Հյուսիսային Կովկաս ուղարկելու համար։
Բաքվի հայկական տեղեկատվական բյուրոյի հուշագիր
07.03.1919
Գաղտնի
Բաքվի հասարակական կյանքի առավել կարեւոր երեւույթներից մեկը զորակոչն է, որը կազմակերպում է Կովկասյան բանակի շտաբը, ի դեմս՝ գեներալ Պրժեւալսկու, որպես Կամավորական բանակի ներկայացուցիչ։
Երեւույթը էական է եւ կարող է լուրջ անդրադարձ ունենալ ընդհանուր ազգային ճակատագրի վրա։
Խնդիրն այն է, որ Բաքվի զինվորական ջոկատների զորացրումից հետո այստեղ մեծ թվով հայ զինվորներ ու սպաներ են մնացել, որոնք բառացիորեն փողոցում են եւ չունեն գոյատեւման որեւէ միջոց։ Զորակոչը, որը հաց, հագուստ եւ ռոճիկ է խոստանում, այս գործազուրկներին զանգվածաբար հրապուրում է, որոնց մտադիր են ուղարկել Հյուսիսային Կովկաս՝ բոլշեւիզմի դեմ պայքարելու։
Ենթադրելով, որ այս երեւույթը հղի է ապագա հետեւանքներով, փաստի մասին տեղյակ ենք պահում հայկական հանրապետությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար» (ՀԱԱ, Ֆ.200, ց.1, գ.180, թ.12)։
1 մլն 200 հազար փամփուշտ՝ Դենիկինից
Ռուսաստանի Հարավի Կամավորական բանակում եւ Կուբանում Հայաստանը ներկայացնում էր Հովհաննես Սաղաթելյանը, որը 1919թ. մարտին, ՀՀ կառավարության որոշումով պաշտոնապես դառնում է դիվանագիտական ներկայացուցիչ։ Նրա ակտիվ աշխատանքի շնորհիվ զգալիորեն բարելավվում են հայ-ռուսական հարաբերությունները։ Հետագայում՝ 1920թ., Դենիկինը հայկական բանակին ուղարկում է Մոսին հրացանի 1 մլն 200 հազար փամփուշտ, ինչպես նաեւ հացահատիկ եւ այլ ապրանքներ։ Ռուբեն Տեր-Մինասյանը նշում է, որ Դենիկինի աջակցությունը վճռական նշանակություն է ունեցել հայկական բանակի համար.
«...Մեր պահեստներում ընդամենը ունեինք 150 000 Մոսինի փամփուշտ, այսինքն ոչինչ՝ 10 000 հրացանի համար։ Եթե այդ ռազմամթերքը չհասներ, իրոք Հայաստանը զինաթափ կարելի էր համարել այդ թվականներին. այդ փամփուշտնրը փրկեցին մեզ եւ միջոց տվին հետագա կռիվները առաջ տանելու»։
Հովհաննես Սաղաթելյանից բացի, Դենիկինի հետ շփումներ ուներ Աշոտ Տոնյանը, որը Ուկրաինայում եւ Ռուսաստանում Հայաստանի զինվորական ներկայացուցիչն էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Տոնյանը ծառայել էր Դենիկինի շտաբում եւ լավ հարաբերություններ ուներ նրա հետ։ Դոնի, Կուբանի, Թերեքի ռազմական գործողություններին նաեւ հայեր էին մասնակցում, եւ քանի որ այդ շրջանները հաճախ ձեռքից ձեռք էին անցնում, հայերին բոլշեւիկները հալածում էին։ Տոնյանը հանձնարարություն է ստանում հանդիպել Ռուսաստանի Հարավի զինվորական ղեկավարությանը եւ համոզել, որպեսզի Կամավորական բանակի հայ մարտիկներին ազատեն ծառայությունից եւ ուղարկեն Հայաստան։
«Բոլշեւիկները զայրանում էին, որ հայերը կամավոր էին մտնում Դենիկինի բանակը եւ նրան օգնում։ Եվ երբ նրանք նորից վերադարձան Դոն, Կուբան եւ Թերեք, սկսեցին հայերին ճնշել։ Այդ վիճակին վերջ տալու համար՝ ստիպված եղա Դենիկինից խնդրել, որ հայերին ազատի Կամավորական Բանակից։
Դենիկինը իմ զեկույցը լսելուց հետո, կարգադրեց հնարավորության սահմաններում օգնել Հայաստանի բանակին եւ իրագործել իմ ներկայացրած առաջարկությունները» (Աշոտ Տոնյան, Ռուսական բանակի հայ սպայի մը հուշերը, Հայրենիք, 1964թ., թիվ 9, Բոստոն)։
Կոլչակի ողջույնները
1919թ. մայիսի վերջին փոխվում է իրադրությունը հակաբոլշեւիկյան ուժերի ճամբարում. որոշվում է բոլոր ուժերը միավորել եւ գերագույն գլխավոր հրամանատար նշանակել ծովակալ Կոլչակին։
Հունիսին Ղրիմում, Դոնում, Ուկրաինայի այլ շրջաններում սպիտակգվարդիականների հաղթանակների օրերին Հայաստանը որոշում է դիվանագիտական ներկայացուցիչ ունենալ նաեւ Կոլչակի զորաբանակում։ Հունիսի 5-ին Հայաստանի խորհրդարանն ընդունում է օրենք, որով Սիբիրի կառավարությանը կից ստեղծվում է դիվանագիտական ներկայացուցչություն։ Հունիսի 30-ին կառավարությունը Գրիգոր Ձամոյանին Սիբիրում ներկայացուցիչ է նշանակում։
1919թ. սեպտեմբերին Ձամոյանը կառավարությանը հեռագրում էր, որ հանդիպել է ծովակալ Կոլչակի հետ, որը «ողջույններ եւ լավագույն մաղթանքներ է հղել Հայաստանի կառավարությանը»։ Ձամոյանը Կոլչակին խնդրել էր միջոցներ ձեռնարկել ճամբարներից «թուրքահայերին ազատելու եւ Հայաստան ուղարկելու համար» (ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 210, թ. 13)։
***