1919-ի աշունը Հայաստանում սկսվել էր կուսակցական թեժ պայքարով։ Արտաքին ու ներքին դեպքերը, սահմանի գրեթե ողջ երկայնքով ընթացող չհայտարարված պատերազմը քաղաքական ուժերին հարկադրում էր վերանայել իրենց դիրքորոշումը եւ հստակեցնել մարտավարությունը։
Հունիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքով ընդդիմությունը գրեթե ներկայացված չէր խորհրդարանում, եւ քաղաքական հիմնական բանավեճն ընթանում էր արտախորհրդարանական հարթությունում։ Բնականաբար ընդդիմադիր բոլոր ուժերի քննադատության հիմնական սլաքն ուղղված էր գործող իշխանության՝ Հայ հեղափոխական դաշնակցության դեմ։
Միաժամանակ ընդդիմադիր կուսակցություններն ունեին գաղափարական ու մարտավարական մեծ տարբերություններ, եւ նրանց միջեւ նույնպես անհաշտ պայքար էր ընթանում։ Կարելի է ասել, որ նրանք համակարծիք էին միայն Դաշնակցության դեմ պայքարում։
«Դիրեկտիվներ տվողը»
Օգոստոսի վերջին Ալեքսանդրապոլում տեղի է ունենում սոցիալ-հեղափոխականների համաժողովը։ Էսէռներն ունեին 4 պատգամավոր, որոնք էլ կազմում էի խորհրդարանական ընդդիմությունը։ Համաժողովում քննարկվում է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների հանդեպ կուսակցության դիրքորոշումը։
Դաշնակցության հարցում ամեն ինչ պարզ էր. բացառվում էր որեւէ գործակցություն։ Էսէռները նույնքան անողոք էին նաեւ Հայ ժողովրդական կուսակցության հանդեպ, ավելին՝ նրանք գտնում էին, որ ՀԺԿ-ն կուսակցություն չէ, այլ «քաղքենիների խումբ, որը չունի քաղաքական հոտառություն»։ «Մեր վերաբերմունքը դեպի այս կուսակցություն լինելու է՝ քամահրանք։ Նրանց գոյությունը պետք է անգիտանալ, որովհետեւ այդպիսի քաղաքական կուսակցություն փաստորեն գոյություն չունի»,- 1919թ. սեպտեմբերի 4-ին գրում էր էսէռների պաշտոնաթերթ «Սոցիալիստ հեղափոխականը»։ Սոցիալիստական մյուս կուսակցությունների հետ գործակցությունը էսէռները չէին բացառում, սակայն համոզված էին, որ իրենք են ամենաուժեղը եւ «դիրեկտիվներ տվողը իրենք պետք է լինեն»։
Ավելի ուշագրավ էին էսէռների մոտեցումները Հայաստանի անկախությանն ու քաղաքական կողմնորոշմանը։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը չէր կարող լինել անկախ պետություն։ Պատգամավոր Արշամ Խոնդկարյանը համոզված էր, որ «Հայաստանն իր ուժերով չի կարող կազմել լիովին անկախ մի պետություն եւ բնականորեն ընկնելու է այն պետության ազդեցության տակ, որ նրան օգնելու եւ հովանավորելու է»։ Եվ այդ պետությունը, ըստ Խոնդկարյանի, կարող էր լինել միայն Ռուսաստանը։ Այս տեսակետը պատգամավորի անձնական կարծիքը չէր. համաժողովը քվեարկությամբ ընդունել էր հատուկ հայտարարությունը, որով ամրագրվում էր Խոնդկարյանի դիրքորոշումը։
ՀԺԿ համագումարը
1919-ի սեպտեմբերին տեղի է ունենում նաեւ Հայ ժողովրդական կուսակցության երկրորդ համագումարը։ ՀԺԿ-ն կազմավորվել էր 1917թ. եւ ռուսական սահմանադիր-դեմոկրատական (կադետական) կուսակցության գաղափարների կրողն էր։ Ժողովրդականները Հայաստանի կոալիցիոն կառավարության կազմում էին մինչեւ 1919թ. հունիսը, որից հետո լքել էին այն եւ բոյկոտել խորհրդարանական ընտրությունները։ Երկրորդ համագումարը փորձելու էր լուծել կազմակերպչական ու գաղափարախոսական խնդիրները եւ ավելի հստակ դարձնել դիրքորոշումը ընթացիկ քաղաքական հարցերում։
Ժողովրդականների կարծիքով իրենք Հայաստանի միակ սկզբունքային կուսակցությունն էին, որի գաղափարների հիմքում ազգային, պետական, ազատական սկզբունքն էր։ Ավելին՝ նրանք հայտարարում էին, որ իշխանության չէին ձգտում, այլ պայքարում էին հանուն ժողովրդի շահերի, եւ ամեն գնով փորձում էին հիմնավորել, որ կոալիցիոն կառավարության կազմում եղած ժամանակ Հայաստանի դրությունն ավելի լավ էր, ինչին դժվար էր հավատալ։
Համագումարը բացվում է Երեւանում 1919թ. սեպտեմբերի 9-ին, որին մասնակցում էր Հայաստանի, Թիֆլիսի, Բաքվի, Գանձակի կուսակցական մարմինների 71 ներկայացուցիչ։ Առաջին իսկ ելույթներն արձանագրում էին, որ Հայաստանում ստեղծված ծանր դրության միակ մեղավորը Դաշնակցությունն է, որը ձեւավորել է միատարր խորհրդարան եւ կառավարություն։
Հայ ժողովրդական կուսակցությունը նշում էր, որ Հայաստանի միավորման եւ պաշտպանության քաղաքականությունն ամբողջովին ձախողվել է, որի պատճառը հարեւանների հանդեպ անհաշտ ու անզիջում դիրքորոշումն է։ «...Այսօր դաշնակցությունը «վիճելի» է դարձնում այնպիսի շրջաններ, որոնք արդեն մերն էին: Ղարաբաղը, որը «վիճելի էր», ոչինչ լավ բան չսպասելով դաշնակցական կառավարությունից, ստիպված եղավ իր ֆիզիկական գոյությունը ապահովելու համար Ադրբեջանին ենթարկվելու: Շարուրը, Նախիջեւանը, Դարալագյազը, որոնք մինչեւ այժմ մերն էին, այժմ դառնում են վիճելի: Գողթանի հայ ազգաբնակությունը, որ նույնիսկ տաճկական տիրապետության ժամանակ կարողացել էր զերծ մնալ ջարդից, այժմ ամենամեծ վտանգի տակ է, եւ չգիտենք այժմ նա գոյություն ունի, թե ոչ»,- գրում էր «Ժամանակը» 1919թ. սեպտեմբերին։
ՀԺԿ-ն ավանդաբար հիացմունքով էր խոսում Հայաստանի արեւմտյան կողմնորոշման մասին. թե՛ բրիտանական, թե՛ ամերիկյան զինվորականների ու քաղաքական գործիչների հայտարարություններն ընդունվում էին բուռն ծափահարություններով։ Ի հակադրություն Հայաստանի կառավարության դիրքորոշման՝ ժողովրդականները գտնում էին, որ գնդապետ Հասքելի ներկայացրած առաջարկները լավագույն լուծումն էին։
Սեպտեմբերի 17-ին ՀԺԿ համագումարը դիմում է հղում գնդապետ Հասքելին, որտեղ նկարագրելով հայերի ու ադրբեջանցիների միջեւ պատերազմի հետեւանքով ստեղծված ծանր դրությունը՝ խնդրում է գնդապետին անհապաղ եւ կտրուկ քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար։
Գրաքննությունը
Չնայած Դաշնակցությունը համոզված էր, որ ՀԺԿ-ն չունի էական ազդեցություն հասարակական կյանքում, սակայն համագումարի հայտարարությունները մտահոգում էին կառավարությանը։ Սեպտեմբերի 17-ին համագումարը երկու փաստաթուղթ է ընդունում, որոնցից մեկն Ադրբեջանի խորհրդարանին ուղղված հեռագիրն էր, մյուսը՝ Հայաստանում «քաղաքական մոմենտի մասին բանաձեւը»։
Առաջինում ՀԺԿ-ն ցանկանում էր, որ «հարեւան ժողովուրդների միջեւ սկիզբ դրվի համագործակից եւ համերաշխ կյանքի, փոխադարձ զիջումների հողի վրա»։ Այս հեռագիրն ուղարկվում էր այն պայմաններում, երբ Ադրբեջանը թաթարների ակտիվ ըմբոստություն եւ ապստամբություն էր հրահրում Հայաստանի գրեթե բոլոր թաթարաբնակ շրջաններում։ Ռազմական գործողությունների հետեւանքով հայ զինվորներ ու սպաներ էին զոհվում։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ միայն Բոյուք-Վեդիի՝ շուրջ երկու ամսվա բախումների ընթացքում զոհվել էր 200 հայ զինվոր ու սպա։ Հասկանալի է, որ նման դիմումը Ադրբեջանի խորհրդարանին չէր կարող դրական արձագանքի արժանանալ։
Համագումարի երկրորդ հայտարարությամբ ՀԺԿ համագումարը Հայաստանի դրությունը գնահատում էր «աղետալի», իսկ կառավարությանը համարում «անճարակ»։ Ժողովրդականները որոշում են «քաղաքական մոմենտի» մասին համագումարի հայտարարությունը տպագրել «Ժողովուրդ» թերթում եւ որպես թռուցիկ տարածել բնակչության շրջանում։ Ներքին գործերի նախարարությունը նախապես տեղեկություն է ստանում այս մտադրության մասին եւ թերթի տպագրությունը կանխելու քայլեր ձեռնարկում։
«Լույս» տպարանի ու «Ժողովուրդ» թերթի խմբագրության խուզարկությունը եւ թերթից համագումարի ընդունած բանաձեւը հանելը մեծ աղմուկ է առաջացնում։ Թեեւ կառավարությունը հայտնում է, որ թերթը փակելու որոշում չի կայացվել, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի հերթական համարը լույս է տեսնում միայն մի քանի օր անց։
«Ժողովուրդ», 26 սեպտեմբերի, 1919թ., թիվ 105
«Նույն օրը երեկոյան ներքին գործերի մինիստրը պառլամենտում պատգամավորներից մեկի հարցին պատասխանեց, որ «Ժողովուրդ» թերթը փակված չէ։ Իսկ մինչ այդ մեր տպարանը կնքված էր եւ փաստորեն մեր թերթը փակված, որովհետեւ քաղաքի պայմաններում տպարանի փակումը շատ ավելի ծանր պատիժ է, քան թե թերթի դադարեցումը։ Իսկ թերթի վերահրատարակությունը թույլատրվեց միայն այն ժամանակ, երբ ներքին գործերի մինիստրի կարգադրությամբ տպարանի տերը ստորագրություն տվեց ոչ մի «հակակառավարական» բան չհրատարակել»։
***