1920 թվականի հունվարը սկսվում է Ագուլիսի հայ բնակչության ջարդերի անսպասելի ու ծանր տեղեկությամբ։ 1919թ. դեկտեմբերի վերջին տեղի ունեցած սարսափելի եղեռնագործության լուրը Հայաստանի արտաքին գործերի նախարարին Գորիսից հեռագրել էր Մելիք-Յոլչյանը՝ հայտնելով, որ Ներքին եւ Վերին Ագուլիսները ամբողջովին ավերված են, եւ զոհերի թիվը շուրջ 1400 է։

 

«Հառաջ», 13 հունվարի, 1920թ., թիվ 9

«Լրացուցիչ ստուգված տեղեկությունների համաձայն՝ Նախիջեւանի եւ Օրդուբադի թաթարները թրքական ու ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի եւ ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությունը։ Վերին Ագուլիսում սպանված է 400, իսկ Ներքին Ագուլիսում՝ 1000 մարդ։ Թե՛ Ներքին եւ թե՛ Վերին Ագուլիսների բնակչությունը բոլորովին անզեն էր եւ պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց»։

Խալիլ Բեյը

 

Անսպասելի հարձակումը

 

Գողթան գավառի կենտրոն Վերին եւ Ներքին Ագուլիսների վրա թուրք-թաթարական հարձակումն անսպասելի էր։ Այս բնակավայրը գրեթե չէր մասնակցել 1919թ. ամռան պաշտպանական մարտերին եւ ընդունել էր ադրբեջանական իշխանությունը։ Ագուլիսցիները նաեւ հանձնել էին զենքը եւ փորձում էին խաղաղ գոյատեւել թաթարական միջավայրում. որեւէ սպառնալիք, նախահարձակ գործողություն նրանց կողմից չէր իրականացվել։

1920թ. հունվարի սկզբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան Խոյսկին, ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարարի հարցման, խնդրում է Երեւանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին անմիջապես գնալ գյուղերը եւ անձամբ պարզել իրադրությունը։ Խան Խոյսկին միաժամանակ խնդրում էր ստուգել, թե արդյոք որեւէ միջադեպ տեղի է ունեցել Ագուլիսում, եւ ինչ առնչություն ունեն դրա հետ Օրդուբադի եւ Նախիջեւանի մահմեդականները։

 

 

Խան Խոյսկին

Հունվարի 4-ին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնակատար Միրբաբաեւը հայտնում է, որ 1919թ. դեկտեմբերի 27-ին իրեն հեռագրել են, թե Զանգեզուրից փախած թաթարական որոշ խմբեր փորձել են հարձակվել Ագուլիսի վրա, սակայն տեղի իշխանության ջանքերով բռնություններ չեն եղել։ «Հետեւանքը եղել է այն, որ հայերը Ներքին Ագուլիսը թողնելով գաղթել են Վերին Ագուլիս։ Նախիջեւանից եկավ ամերիկական գնդապետ Շելլի, նա հայտնում է նույնը, մարդկային զոհեր, ասում է, չեն եղել։ Թե ի՞նչ է եղել դրանից հետո, ոչինչ հայտնի չէ»,- հայտնում էր Միրբաբաեւը։ Թեեւ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները կոտորածի փաստը չէին հաստատում, սակայն հանցագործությունը Զանգեզուրից արտաքսված թաթարների վրա բարդելու հնարավորություն էին թողնում։

 

Անհիմն մեղադրանքները

Ուշագրավ է, որ Ագուլիսի կոտորածի մասին տեղեկությունների տարածումից անմիջապես հետո Ադրբեջանը սկսում է տարբեր հարթություններում մեղադրել Հայաստանի իշխանություններին մահմեդական բնակչության հալածանքների համար։ Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Վեքիլովը հուշագիր է ներկայացնում Գերագույն կոմիսար գնդապետ Հասքելին՝ ասելով, որ հայերը ավերել են «Երեւանի նահանգի մի շարք մահմեդական գյուղեր»։ Որեւէ այլ տեղեկություն եւ ապացույց չներկայացնելով՝ Վեքիլովը խնդրում էր Հասքելին «օգտագործելու հեղինակության ուժը եւ ձեռք առնել Ձեզնից կախված բոլոր միջոցներն անմիջապես դադարեցնելու հայկական զորքերի կողմից մահմեդական գյուղերի ավերումը եւ խաղաղ բնակչության տմարդի ոչնչացումը»։ Հայկական կողմը հերքում է Վեքիլովի ներկայացրած անհիմն մեղադրանքները։

«Օգտագործելու հեղինակության ուժը եւ ձեռք առնել Ձեզնից կախված բոլոր միջոցներն անմիջապես դադարեցնելու հայկական զորքերի կողմից մահմեդական գյուղերի ավերումը եւ խաղաղ բնակչության տմարդի ոչնչացումը»։

 

 

Կոտորածը

Գողթանի հայկական գյուղերի վրա առաջին հարձակումը տեղի է ունենում 1919-ի դեկտեմբերի 22-ի գիշերը։ Թաթարական հրոսակները զգալի ավերածություն են գործում գյուղում, սպանում բազմաթիվ բնակիչների, սակայն օգտվելով մթությունից՝ շատերը կարողանում են փախչել եւ հասնել Վերին Ագուլիս։ Ագուլիսցիները օգնություն են խնդրում Օրդուբադից, եւ գյուղ է գալիս Էդիֆ բեյը, որը խոստանում է պաշտպանել նրանց։ Շուտով պարզվում է, որ Օրդուբադ է եկել ամերիկացի գնդապետ Շելլին, որը պետք է տեղեկություններ հավաքեր Ողջի եւ Գեղվա ձորերի մահմեդականների մասին, որոնց Կապարգողթի մարտիկները դուրս էին մղել ռազմավարական նշանակություն ունեցող այդ բնակավայրերից։ Հայերը փորձում են Շելլիին հրավիրել Վերին Ագուլիս, սակայն դա նրանց չի հաջողվում, եւ ամերիկացի գնդապետը շուտով հեռանում է։ Հենց գնդապետ Շելլիի խոսքին էր հղում անում դիվանագիտական ներկայացուցիչ Միրբաբաեւը՝ ասելով, թե ոչ մի սպանվածի մասին իրենք չեն լսել։

Դեկտեմբերի 25-ին Օրդուբադից գալիս է Մոլլա Շեյխ Ղաֆարը, այցելում Արամ Տեր-Միքայելյանցի տանը հավաքված ագուլիսցիներին եւ հայտնում, որ «թուրքերը հարձակվում էին միայն թալանելու նպատակով, այլ ոչ թե սպանության, եւ որ իրենք եկել են նրանց ազատելու համար։ Չանցավ կես ժամ, մեկ էլ հանկարծ սկսվեց այրվել Սարգիս Հախնազարյանի տունը, եւ հետո սկսեցին բոցավառվել ուրիշ տներ եւս գյուղի այս ու այն կողմում։ Սկսվեց ավելի հաճախակի հրացանաձգություն» (Արգամ Այվազյան, Նախիջեւանը 1905թ. եւ 1918-1919թթ. Կրակե շղթայի գոյամարտերում, Երեւան, 2005):

Շուտով Շեյխը հայերին առաջարկում է տեղափոխվել գյուղի թաթարական մասը, որտեղ իբր ավելի անվտանգ էր։ Գողթանի հաշտարար դատավոր Իվան Տեր-Անտոնյանը վկայում է, որ թալանին ու սպանություններին մասնակցում էին տեղի թուրքերը։ «Կոտորածն ուներ բոլորովին կազմակերպված բնույթ։ Անկասկած, նախաձեռնությունը բխում էր բարձր իշխանությունից, իսկ թալանին ու կոտորածին մասնակցում էր տեղական պաշտոնեությունը» (Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 1993, Նախիջեւան-Շարուրը 1918-1921թթ., Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 1-2, Երեւան, 1993թ.

Ականատեսների վկայություններն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե Խալիլ բեյի սպաներից Էդիֆ էֆենդին հանդես է եկել հայերի պաշտպանությամբ։ Կային նույնիսկ տեղեկություններ, որ թաթարները բողոքում էին Խալիլ բեյին, թե Էդիֆին ագուլիսցիները կաշառել են։ Սակայն մամուլը գրում էր, որ Էդիֆ էֆենդու «հայասիրությունը» ավելի շուտ խորամանկություն էր, քան անզեն բնակչությանը պաշտպանելու անկեղծ ցանկություն։

 

Հեռուն գնացող ծրագրի մի մասը

1920թ. հունվարին հայկական քաղաքական շրջանակն ու մամուլը փորձում էին վերլուծել ու հասկանալ Վերին եւ Ներքին Ագուլիսների հայության դաժան հաշվեհարդարի պատճառները։ Ամենապարզ եւ հասկանալի բացատրությունը թալանի մոլուցքն էր. Ագուլիսի հայությունը թեեւ շրջապատված էր թաթարներով, սակայն շարունակում էր լինել հարուստ եւ բարեկեցիկ, ինչը չէր կարող թուրքերի աչքից աննկատ մնալ։ Թաթարները Ագուլիսը կոչում էին «Ոսկու ձոր» եւ լավ գիտեին, որ հայ բնակչությունն ամբողջովին անզեն է ու անպաշտպան։

 

Վերին Ագուլիսը

Սակայն հայերի բնաջնջումը միայն թալանով բացատրելը շատ պարզունակ կլիներ։ Առավել իրատեսական է, որ Ադրբեջանը ցանկանում էր քայլ առ քայլ հայաթափել այն շրջանները, որոնց նկատմամբ ուներ տարածքային հավակնություններ։ Այդ են վկայում ողջ Նախիջեւանում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ շրջաններում 1919թ. ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Սիմոն Վրացյանը գրում է, որ Ագուլիսի դեպքերի օրերին Բաքվից տեղեկություն է ստացվում, որ Ադրբեջանը մտադրություն ունի թուրքերով ու թաթարներով վերաբնակեցնել Նախիջեւանի հարավային շրջանները։

 

Հերթական բանակցությունները

Ագուլիսի ջարդերը համընկան հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլին։ 1919թ. նոյեմբերի 23-ի զինադադարը եւ դեկտեմբերին Բաքվում սկսված բանակցությունները հունվարին շարունակվում են Թիֆլիսում։ Չնայած դիվանագիտական հարաբերություններին, փոխադարձ շնորհավորանքներին ու տարբեր մակարդակների հանդիպումներին՝ արդեն մեծ անվստահություն կար բանակցային գործընթացի նկատմամբ։ 1920թ. հունվարի 14-ին «Հառաջը» գրում էր, որ ամիսներ շարունակ հայերի դեմ իրականացված գազանությունները հրապարակվել են մամուլում, զեկուցվել ամերիկյան ու բրիտանական ներկայացուցիչներին, սակայն որեւէ արդյունք չկա։ Ստեղծված պայմաններում ո՞րն է հետագա բանակցությունների եւ խաղաղության մասին տարատեսակ հայտարարությունների իմաստը:

«Հառաջ», 14 հունվարի, 1920թ., թիվ 10

«Եվ այս բոլորը մի՞թե կատարվում է հանուն անդրկովկասյան ժողովուրդների համերաշխության, սերտ միության, որ այնքան հաճախ հոլովվում է վերջին ժամանակներս մեր հարեւանների բերանում: Հայ արնաքամ ժողովուրդն իրավունք ունի՞ այս բոլորից հետո չվստահելու իր հարեւաններին: Ի՞նչ արժեք ունեն մեր ավերված ժողովրդի աչքում երեք հանրապետությունների ներկայացուցիչների պաշտոնական մի շարք տեսակցությունները, զանազան կոնֆերանսները, եւ, վերջապես, վերջերս հրապարակ նետած ոչինչ չնշանակող կոնֆեդերացիայի լոզունգը, երբ այդ ժողովրդի կոկորդը դեռ չէ ազատված նենգամիտ հարեւանի սրած դանակից»:

 

Թիֆլիսը

Եվ իսկապես, 1920թ. հունվարի վերջին կրկին համաձայնություն է ստորագրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որով բոլոր հակասությունները պետք է կարգավորվեին «ոչ թե զենքով, այլ համաձայնության կամ արբիտրաժի միջոցով», իսկ առաջ եկած «թյուրիմացություններն ու բախումները» վերացնելու համար պետք է ստեղծվեին կառավարական պատվիրակություններ։

 

Պատժիչ գործողություններ

Ժամանակը ցույց տվեց, որ հայ-ադրբեջանական հակասությունները հանգուցալուծվում էին միայն զենքի ուժով. թուրք-թաթարական հարձակումներից զերծ մնացած Գողթանի վեց հայկական գյուղերը Ղազարի գլխավորությամբ արդեն 1920 թվականի հունվարին անցնում են պատժիչ գործողությունների՝ ճնշելով ադրբեջանական այն բնակավայրերը, որտեղից մշտապես հարձակումներ էին լինում։ Իսկ երկու ամիս անց Ագուլիսի վրեժը լուծում են Նժդեհի մարտիկները՝ արշավելով Օրդուբադի վրա։

 

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: