1920թ. հունվարին լրանում էր Փարիզի հաշտության վեհաժողովի գործունեության մեկ տարին. աշխարհի բազմաթիվ երկրներ ու անկախության ձգտող ժողովուրդներ անհամբեր սպասում էին իրենց քաղաքական ճակատագրին։ Փարիզի վեհաժողովը պետք է կարողանար լուծել ոչ միայն հետպատերազմյան Եվրոպայի սահմանային նոր բաժանման, այլեւ Մերձավոր Արեւելքի եւ Ռուսաստանի հարցերը։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մեկ տարի աշխատում էր Եվրոպայում՝ փորձելով հնարավորինս մանրամասն ներկայացնել Հայկական հարցի առանձնահատկությունները եւ հասնել խնդրի արդարացի լուծմանը։
Դենիկինը նահանջում է
Հայկական հարցի լուծումը, սակայն, պայմանավորված էր Թուրքիայի եւ հատկապես՝ Ռուսաստանի հանդեպ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների որդեգրած դիրքորոշմամբ։ Թուրքիայում օրեցօր թափ էր հավաքում Քեմալի «Ազգային ուխտ» շարժումը, իսկ Ռուսաստանը թաղված էր քաղաքացիական պատերազմի մեջ։ Արեւմուտքը, դեմ լինելով բոլշեւիկյան գաղափարախոսությանը, 1918-ից ջանք չէր խնայում հակաբոլշեւիկյան շարժմանն աջակցելու համար։ 1919թ. վերջին, սակայն, բոլշեւիկները ջախջախում են Կոլչակի ու Դենիկինի բանակները եւ սրընթաց մոտենում Անդրկովկասին։ 1919թ. դեկտեմբերին Դաշնակից պետությունների վարչապետների հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջն ասում էր, որ Անգլիան Ռուսաստանում արդեն ծախսել է 100 մլն ֆունտ ստեռլինգ՝ հիմնականում աջակցելով Դենիկինին, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն. Դենիկինը նահանջում է (Armenia in documents of the U. S. Department of State 1917-1920, Yerevan 2012)։
Դենիկինը
Տեսնելով, որ բոլշեւիկները ձգտում են դեպի հարավ եւ Միջին Ասիա, Եվրոպան որոշում է արագացնել Անդրկովկասյան հանրապետությունների անկախության ճանաչումը։ Հայաստանի Հանրապետությունը 1919թ. մայիսի 28-ի ակտի ընդունումից հետո հանդես էր գալիս ամբողջական՝ միացյալ Հայաստանի ստեղծման պահանջով, որը ներառելու էր ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան Հայաստանը, այդ թվում՝ Կիլիկիան եւ ելքը դեպի Միջերկրական ծով։ Թուրքիայից բացի, հայկական տարածքային պահանջները բախվում էին Ֆրանսիայի շահերին, որը ցանկանում էր իր մանդատը հաստատել Կիլիկիայում։ Եթե բանակցությունների սկզբնական շրջանում Կիլիկիայի հարցում հայկական կողմի դիրքորոշումը բավականին ամուր էր, ապա 1919թ. վերջին աստիճանաբար փոխվում է՝ համակերպվելով Կիլիկիան ֆրանսիական տիրապետության տակ թողնելու մտքին։
Ահարոնյանի հանդիպումը Ֆիլիպ Քերրի հետ
1920թ. հունվարի 6-ին Ավետիս Ահարոնյանը Լոնդոնում Լլոյդ Ջորջի քարտուղար Ֆիլիպ Քերրի հետ հանդիպման ժամանակ քննարկում է Կիլիկիայի հարցը։ Քերրն ասում է, որ անգլիացիները ֆրանսիացիների հետ տարաձայնություն չունեն՝ Կիլիկիան մնում է Ֆրանսիային։
գոնե թուրքերին չմնա, այլ Ֆրանսիային»
Ահարոնյանը համակերպվում է իրականության հետ եւ ասում, որ եթե «Կիլիկիան մեզ չպիտի հասնի, գոնե թուրքերին չմնա, այլ Ֆրանսիային»: Նա բրիտանական պաշտոնյային նկարագրում է Անդրկովկասի դրությունը՝ նշելով, որ մի կողմից թուրքական ներխուժման սպառնալիք կա, մյուս կողմից՝ բոլշեւիկյան ուժերն ընդհուպ մոտեցել են Անդրկովկասի սահմաններին, իսկ Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմը հսկայական ուժեր է կլանում Հայաստանից։
Ֆիլիպ Քերրը
Ահարոնյանը խնդրում էր ռազմամթերք եւ հանդերձանք տրամադրել հայկական բանակին։ Քերրը խորհուրդ է տալիս դիմել Անգլիայի պաշտպանության նախարար Չերչիլին եւ հետաքրքրվում, թե ինչ են անելու հայերը, եթե Մուստաֆա Քեմալը հրաժարվի դուրս գալ հայկական նահանգներից։
Ավետիս Ահարոնյան - Նախքան Ձեր հարցին պատասխանելը՝ պարզենք, թե ինչ ուժ է ներկայացնում Մուստաֆա Քեմալը։ Չգիտեմ, ինչ է ձեր կարծիքը, բայց մեր զինվորական կայանի տեղեկությանց նայելով, Մուստաֆա Քեմալի շարժման մեջ բլեֆը մեծ բաժին ունի։ Նրա զորքի թիվը 10 000-12 000-ից չի անցնում, այն էլ վատ հագնված, վատ պատրաստված։ Համենայն դեպս, 15 000-ից ավելի չի լինի մեր շրջաններում. նույնքան էլ հույների դեմ։ Այդպես էր վկայում նաեւ ամերիկյան զինվորական միսիայի պետ, զորավար Հարբորդը։
Ավետիս Ահարոնյանը
Դուք հարցնում եք, թե ինչպես կարելի է հեռացնել այդ ուժը։ ...Ես գիտեմ, որ ո՛չ դուք ձեր սկովտիացիներին կուղարկեք Հայաստան, ո՛չ Ֆրանսիան իր բրետոններին եւ ո՛չ էլ Իտալիան իր լոմբարդացիներին։ Հետեւաբար, ես ձեզ կասեմ - Եթե դուք զսպեք մեր թիկունքում Ադրբեջանը եւ մեզ նյութական հնարավորություն տաք վերակազմելու մեր բանակը, կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կարող ենք Մուստաֆա Քեմալը դուրս հանել մեր սահմաններից» (Ավետիս Ահարոնյան, Սարդարապատից մինեւ Սեւր եւ Լոզան. Քաղաքական օրագիր, Բոստոն, 1943թ.)։
Ավարտելով հանդիպումը՝ Ահարոնյանը նաեւ նշում էր, որ ընդհանուր զորահավաքի դեպքում Հայաստանը կարող է ունենալ մոտ 40-հազարանոց բանակ։
Երբ կհարձակվի Քեմալը
Հայկական բանակի կարողության եւ Քեմալի հարձակման հավանականության հարցը շատ էր հուզում բրիտանական բարձրագույն պաշտոնյաներին։ Հունվարի 7-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ռազմական խորհրդական գնդապետ Գրիբենը Ահարոնյանից հետաքրքրվում էր, թե երբ կհարձակվի Քեմալը։ Ըստ Ահարոնյանի՝ հաշվի առնելով խստաշունչ ձմեռն ու լեռնային բարդ պայմանները՝ թուրքական բանակը կարող էր հարձակվել լավագույն դեպքում գարնանը։ Գրիբենին հետաքրքրում էր նաեւ հայկական բանակի մարտական ոգին, քանի որ նրան ծանոթ էր հույների օրինակը, երբ զինվորները տրտնջում էին երկարատեւ ու չավարտվող պատերազմներից։ «Հույների եւ մեր քաղաքական կացության մեջ մեծ տարբերություն կա։ Նրանք ճգնում են ձեռք բերել, մեծացնել արդեն գոյություն ունեցող իրենց պետությունը, մինչդեռ մեր ժողովուրդը աշխատում է ազատվել թրքական լծից եւ պահպանել իր գոյությունը։ Հոգեբանական այս դրությունը ընդունակ է մեր զորքերին մղել թուրքերի դեմ պայքարի, մինչեւ իսպառ ազատվենք թուրքական վտանգից...»,- գնդապետին պատասխանել էր Ահարոնյանը։
Քեմալը
Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների հետ հանդիպումների շարքն ավարտվում է Չերչիլի հետ զրույցով, որը մեծ համակրանքով էր խոսում հայերի մասին։ Նա ցավով էր նշում, որ Մեծ Բրիտանիան դադարեցնում է Դենիկինին աջակցելու ծրագրերը, ինչը համարում էր սխալ։ «Տարաբախտաբար, պետությունները չուզեցին հասկանալ, որ Դենիկինի գոյությունը ամենքին հարկավոր է։ Նա մի հովանոց էր, որ շատերին էր ծածկում։ 20 մետր անդունդի վրա 10 մետր տախտակ չեն ձգի»,- ասել էր Չերչիլը։ Միաժամանակ նա Ահարոնյանին խնդրում է կազմել հայկական բանակի վերակազմության համար անհրաժեշտ նյութերի ու սպառազինության ցանկը եւ ներկայացնել իրեն։
Չերչիլը
Ադրբեջանի եւ Վրաստանի անկախության ճանաչումը
1920թ. հունվարի 12-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Լեւոն Եվանգուլյանը հեռագրում է արտաքին գործերի նախարարին, որ Դաշնակից պետությունների ղեկավարները ճանաչել են Վրաստանի եւ Ադրբեջանի անկախությունը։ Եվանգուլյանը հայտնում էր նաեւ, որ Հայաստանի հարցը քննարկվելու է Թուրքիայի խնդրի հետ։ Ստանալով Վրաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման տեղեկությունը՝ Հայաստանի պետական կառույցները շտապում են շնորհավորել: Ողջույնի հեռագրեր են ուղարկվում Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների ղեկավարներին, խորհրդարանի նախագահներին եւ այլ պաշտոնյաների:
Ուշագրավ է, որ հայկական, ինչպես նաեւ ադրբեջանական եւ վրացական աղբյուրները այս որոշումը ներկայացնում էին որպես անկախության ճանաչում, թեեւ իրականում Գերագույն խորհուրդը ճանաչել էր հանրապետությունների կառավարությունները, այլ ոչ թե անկախությունը, իսկ սահմանների հարցի լուծումը մնացել էր ապագային։ Հունվարի 16-ին Բարձրագույն խորհրդի անդամները Փարիզում հանդիպում են Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպան Ժյուլ Կամբոնը հայտնում էր, որ Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ Ծերեթելին ու Ավալովը եւ Թոփչիբաշեւն ու Մաղարամովը շնորհակալություն էին հայտնել դե ֆակտո կառավարությունները ճանաչելու համար։ Նրանք նաեւ հայտնել էին, թե իրենք ցանկանում են ամբողջությամբ անջատվել Ռուսաստանից, եւ բոլշեւիկյան վտանգը չեզոքացնելու համար ռազմական ու նյութական օգնություն էին խնդրում եվրոպական երկրներից։ Վրացիներն ասել էին, որ աջակցության դեպքում կարող են ունենալ 50 հազար զինվոր ու սպա, իսկ ադրբեջանցիներն իրենց բանակի թիվը խոստանում էին հասցնել անգամ մինչեւ 100 000-ի։ Կամբոնը նաեւ հայտնում էր, որ Վրաստանի ներկայացուցիչները բոլշեւիկյան ներթափանցման ամենահավանական ուղղությունը համարում էին Սեւ ծովի առափնյա հատվածը։ Ադրբեջանի ներկայացուցիչները գտնում էին, որ բոլշեւիկները Բաքվի վրա են շարժվելու Կասպից ծովի ուղղությամբ։
Հունվարի 19-ին Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն հանդիպում են նախագահ Վիլսոնի, Լլոյդ Ջորջի, Կլեմանսոյի, Չերչիլի եւ Գերագույն խորհրդի այլ ներկայացուցիչների հետ։ Նրանք կրկին ներկայացնում են իրենց ռազմական կարողությունները։ Դաշնակից պետությունների ներկայացուցիչները մեծ հավատ չունեին ներկայացվող թվերի հանդեպ, սակայն կարծում էին, որ Անդրկովկասյան հանրապետություններին պետք է աջակցել, քանի որ նրանք բոլշեւիկների առաջխաղացումը կասեցնող հավելյալ ուժ կարող էին լինել։
Այս այն Հայաստանը չէ, որին մենք ձգտում ենք
1920թ. հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստանում է Ուորդրոպի տեղապահի հեռագիրը. «Գերագույն խորհուրդը Փարիզում որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պիտի ճանաչվի իբրեւ կառավարություն de facto այն պայմանով, որ այս ճանաչումը ոչ մի դեպքում չի կանխորոշում սահմանների խնդրի վերջնական լուծումը։ Այս ճանաչումը անպայման վերաբերում է Հայաստանի նրա այժմյան վիճակին, Երեւան մայրաքաղաքով, սակայն ոչ մի կերպ չի վերաբերում Թուրքաց Հայաստանին։ Խնդրում եմ Ձերդ գերազանցություն, ընդունել իմ անկեղծ եւ սրտագին շնորհավորանքները այս դեպքի առթիվ, որ այնքան նշանակալից է երկար ժամանակ տառապած հայ ժողովրդի ապագա բարօրության վրա ազդելու տեսակետից»։
Հեռագիրը ստանում է Աբրահամ Գյուլխանդանյանը, որը փոխարինում էր Թիֆլիսում գտնվող Ալեքսանդր Խատիսյանին։ «Հառաջ» թերթը գրում է, որ նախապես հեռագրի բովանդակությունը սխալ են հասկանում եւ կարծում են, թե ճանաչվել է ամբողջ Հայաստանի անկախությունը։ «Մի քանի րոպեից հետո արտաքին գործոց մինիստրության գլխավոր քարտուղար Ա. Տեր-Հակոբյանը բերավ ընթերցողներին արդեն հայտնի հեռագիրը։ Զարմացած իրար նայեցինք։ Երազների բարձր թռիչքներին հաջորդեց րոպեական իրականությունը։ Հայաստանը ճանաչված է իր այժմյան փաստային դրության մեջ... Բայց չէ՞ որ մենք ունենք անկախ եւ Միացյալ Հայաստան։ Այդ է մեր որոշումը, այդպես ենք ցանկանում մենք - մեր ժողովրդի բարձր կամքը, որի առջեւ խոնարհվել եւ տեղի են տվել Աբդուլ Համիդի նմաններն անգամ...»,- գրում է թերթը («Հառաջ», 25 հունվարի, 1920թ., թիվ 18)։
Շահխաթունին
Այնուամենայնիվ, անկախության ճանաչման լուրն արագորեն տարածվում է Երեւանում. հազարավոր մարդիկ հավաքվում են պարետատան առջեւ, որտեղ արդեն եկել էր զինվորական նվագախումբը։ Ներկաներին ողջույնի խոսք է հղում Երեւանի պարետ Շահխաթունին, որն առաջարկում է հանել գլխարկները, ծնկի իջնել եւ հարգել այն հազարավոր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի անկախության։ Այնուհետեւ զորքը, նվագախումբը եւ մարդկանց բազմությունը շարժվում է դեպի խորհրդարան, որտեղ փոխնախագահ Ավետիք Սահակյանը ողջույնի խոսք է ասում.
«Հայաստանի քաջարի զինվորներ, այսօր մենք ստացանք հեռագիր, որով մեզ հայտնում են, թե Փարիզում Գերագույն խորհուրդը լորդ Քըրզոնի առաջարկությամբ ճանաչել է Հայաստանի անկախությունն այն սահմաններում, որոնց մեջ, որ նա այժմ է։ Այդ առաջին անգամ է, որ մեծ պետությունները պաշտոնապես ճանաչում են մեր անկախությունը։ Սակայն այս այն Հայաստանը չէ, որին մենք ձգտում ենք։ Այս օրը մենք չենք կարող համարել իսկական տոն։
Իսկական տոնը մեր անկախության կտոնենք այն ժամանակ, երբ զորքը կտիրե մեր ամբողջ հայրենիքին։ Հայ զինվոր, կտոնես այն ժամանակ, երբ դու հաղթականորեն կանցնես միացյալ Հայաստանը։ Մեր մեծ տոնը մեր առաջն է. նա շուտով կհասնի։ Այն, ինչ որ այժմ տվել են մեզ, թե մեզ եւ թե մարդկային խիղճը չի կարող հանգստացնել։
Կեցցե՛ քաջարի զորքը,
Կեցցե՛ Միացյալ Հայաստանը»։
Ալեքսանդր Խատիսյանը
Այնուհետեւ ժողովուրդը շարժվում է Տեր-Ղուկասովի փողոցով (Նալբանդյան), որտեղ հանդիպում է կայարանից եկող վարչապետ Խատիսյանին։ Վարչապետն իր խոսքում հատկապես կարեւորում է հայկական բանակի դերը Հայաստանի Հանրապետության ստեղծման գործում։ Նա նշում է, որ «այն, ինչ որ այժմ մենք տոնում ենք, շնորհիվ հայ զինվորի է, շնորհիվ հայ մարտիկի, հայ ամբողջ ժողովրդի։ Առաջին շնորհակալությունը պիտի ուղղել ժողովրդին, նրա կազմակերպված բանակին, հեղափոխական եւ զենքի գործիչներին, երկրորդ շնորհակալությունը մեծ պետություններին՝ դաշնակիցներին»։
«Տաճկահայաստանը եւ ներկա Հայաստանը պիտի անպայման միանան եւ կազմեն Միացյալ եւ Անկախ Հայաստան»,- այսպես է ավարտում իր ելույթը վարչապետ Խատիսյանը:
***