Չնայած իշխանության համար տարբեր ուժերի պայքարին ու բոլշեւիկյան ներթափանցման իրական սպառնալիքին՝ Ադրբեջանը չէր հրաժարվում Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրը գրավելու մտադրությունից, եւ 1920 թվականի փետրվարին ռազմադիվանագիտական պատրաստություն էր տեսնում։

Հարձակումը սկսելուց առաջ Ադրբեջանը տեղեկատվական ու հոգեբանական լայնածավալ գործողություն է սկսում. տարբեր աղբյուրներով տեղեկություններ էին տարածվում, թե հայերը մեծ հարձակում են նախապատրաստում Ղարաբաղում եւ Զանգեզուրում։ Թաթար ազգաբնակչությունը նամակներ ու դիմումներ էր հղում Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով պաշտպանել իրենց հայերից։ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ջալիլ Սուլթանովը հեռագիր է հղում խորհրդարանի նախագահին, որտեղ պատմում էր Ջեբրայիլ կատարած իր այցելության մասին, որտեղ Զանգեզուրից «մազապուրծ տասնյակ հազարավոր» ադրբեջանցիներ խնդրում էին նրան շտապ միջոցներ ձեռնարկել, «որպեսզի փրկվեն գեթ Ղարաբաղի, Շուշու եւ Ջիբրայիլի գավառները»:

Եվրոպական ու ամերիկյան զինվորական ներկայացուցիչների բարեհաճությունը ստանալու նպատակով անհրաժեշտ էր ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունները շարունակ ճնշումներ ու բռնություններ են գործադրում թաթարների դեմ։ Հենց այդ նպատակով 1920թ. հունվարի վերջին թուրք-ադրբեջանական գործակալների հրահրմամբ ապստամբություն է բռնկվում Կարսի շրջանի մի քանի բնակավայրում։ Զարուշատի ու Աղաբաբի թաթարները խորհրդակցություն են հրավիրում եւ որոշում դադարեցնել առեւտուրը հայերի հետ, լուծարել հայկական տեղական վարչական մարմինները։ Միաժամանակ որոշվում է 18-40 տարեկան թաթարների զորակոչ անցկացնել։ Շուտով թաթարական հրոսակները զինված պահակախմբեր են նշանակում Կիզիլ-Չախչախ երկաթգծի երկարությամբ, վռնդում են հայ միլիցիոներներին, ապա ձերբակալում եւ սպանում են 8 հայի, իսկ շուրջ 500-հոգանոց քրդական հեծելախումբը շարժվում է դեպի Արդահան։ Գեներալ Հովսեփյանը փորձում է խաղաղեցնել ապստամբներին՝ կոչ անելով դադարեցնել հարձակումները, սակայն թաթարներն իրենց հերթին պահանջում են հայկական զորքերը դուրս բերել Արդահանից ու Չըլդըրից։

Լարվածություն Կարսում

Փետրվարի սկզբին Կարսի մահմեդականների ազգային խորհուրդը դիմում է բրիտանական զինվորական առաքելության ղեկավար Ուորդրոպին եւ գերագույն կոմիսար գնդապետ Հասքելին՝ խնդրելով իրենց պաշտպանել հայկական հարձակումներից։ Համանման դիմում է հղում նաեւ Չըլդըրի մահմեդական խորհուրդը՝ նշելով, որ իրենք «մեծահոգաբար» ընդունել են հայերի իշխանությունը, սակայն, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները որոշել են «զորքով ու հրետանիով ոչնչացնել թուրք-թաթարական գյուղերը»։

«Սպառելով բոլոր խաղաղ միջոցները՝ փոխգնդապետ Մազմանյանը եւ Շահբաբովը խռովարարներին ցրելու հրաման ստացան։ Փետրվարի 1-ին մենք վերցնում ենք Նովոպոկրովկան, ավելի քան 3000 հեծյալ քրդեր, թուրքեր եւ թաթարներ գնդացիրներով նահանջում են լեռները։ Մեր կողմից սպանվել է 1 սպա, 3-ը՝ վիրավորվել։ Սպանվել է 1 զինվոր, 12-ը՝ վիրավոր են» (Թիֆլիսում դիվանագիտական ներկայացուցիչ Եվանգուլյանին ուղղված Ա. Խատիսյանի գրությունից, 4 փետրվարի, 1920թ., ՀԱԱ, ֆ. 275, ց.5, գ. 211, թ. 13)։

Նովոպոկրովկայի մոտ զոհված սպան 24-ամյա շտաբս-կապիտան Հուսիկ Հովույանցն էր, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել էր նախ՝ Արեւմտյան, ապա՝ Կովկասյան ռազմաճակատների մարտերին։ Ղարաքիլիսայի հերոսամարտի օրերին նա մինչեւ վերջ դիմադրել էր թուրքական բանակին, ապա իր վաշտի մարտիկների հետ լեռներով հեռացել եւ ոտքով հասել Երեւան ու մտել հայկական կանոնավոր բանակի շարքերը։

Խան-Խոյսկու սպառնալիքը

Ադրբեջանը լայնորեն օգտագործում է Կարսի, ինչպես նաեւ Շուռնուխի դեպքերը՝ փորձելով դրանք ներկայացնել որպես թաթարների դեմ իրականացվող ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան-Խոյսկին գրություններից մեկում սպառնում էր. «Պարտք եմ համարում ձեզ տեղեկացնել, որ մահմեդական խաղաղ ազգաբնակության դեմ ռազմական գործողությունների չդադարեցնելու դեպքում իմ կառավարությունը ստիպված կլինի վճռական միջոցներ ձեռք առնել՝ պաշտպանելու համար իր քաղաքացիների կյանքն ու գույքը, դրանից առաջանալիք ամբողջ պատասխանատվությունը թողնելով հայկական կառավարության վրա»։ Իսկ արդեն վերջին նոտայով Ադրբեջանը հայտնում էր, որ «սպառված է համարում բոլոր նախազգուշական միջոցները»։

«Պարտք եմ համարում ձեզ տեղեկացնել, որ մահմեդական խաղաղ ազգաբնակության դեմ ռազմական գործողությունների չդադարեցնելու դեպքում իմ կառավարությունը ստիպված կլինի վճռական միջոցներ ձեռք առնել»:

Բաքվում 1920թ. հունվարի վերջին տեղի ունեցած Իթթիհատի համագումարն ընդունել էր մի քանի որոշում, որոնցից մեկը վերաբերում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։ Բանաձեւի երկրորդ կետով պահանջում էր Ադրբեջանի կառավարությունից միջոցներ ձեռնարկել «լիկվիդացիայի ենթարկելու Զանգեզուրի դեպքերը, պաշտպանելու մուսուլմանական բնակիչներին պոգրոմներից եւ հալածանքներից, որոնք տեղի են ունենում դաշնակցական կանոնավոր եւ անկանոն ուժերի կողմից»։ Թուրքական համաիսլամական ուժերը նույնպես աջակցում էին իրենց եղբայր ադրբեջանցիներին. Պոլսում լույս տեսնող Իֆհամ թերթը գրում էր, որ Ադրբեջանի սահմանները հասնում են մինչեւ Թիֆլիս։

Ադրբեջանը զորք է տեղափոխում Ղարաբաղ

Ղարաբաղում իշխանությունը վերջնականապես հաստատելու պահանջը Ադրբեջանը հիմնավորում էր 1919թ. օգոստոսի 7-րդ համագումարի որոշմամբ, որտեղ Ղարաբաղի հայերն ընդունել էին Ադրբեջանի գերիշխանությունը։ Սակայն դա կամայական մեկնաբանություն էր, քանի որ համագումարն ադրբեջանական իշխանությունն ընդունել էր ժամանակավորապես, եւ բացի այդ, համաձայնությունն ուներ բազմաթիվ այլ դրույթներ, որոնք խախտում էր ադրբեջանական կողմը։ Հետագա հոդվածներում առավել մանրամասն կանդրադառնանք այս խնդրին։

Հունվարի վերջին տեղեկություններ էին ստացվում, որ Ադրբեջանն արագորեն զորք է տեղափոխում Ղարաբաղ։ Գանձակից հայտնում էին, որ «երեք օր առաջ քաղաքիցս մի քանի զորամասեր դուրս տարան... Տեղեկությունների համաձայն այդ զորամասերը արշավում էին դեպի Զանգեզուր։ Իբրեւ թե պետք է կազմվի երկու զորամաս - առաջին զորամասը պետք է Լենքորանի կողմից շարժվի եւ Արաքսի ափերով կամ Ղարաբաղի կողմից հարձակվի Զանգեզուրի վրա, իսկ մյուսը՝ Թարթառ գետի մոտերքով բարձրանա»։ Մեկ այլ աղբյուր հայտնում էր, որ «Շուշի-Գորիս խճուղով Ադրբեջանն անց է կացրել 3 հատ երեք մատնաչափ տրամագիծ ունեցող դաշտային թնդանոթներ։ Գանձակի շրջանից ադրբեջանական զորքերի տեղափոխություն է նկատվում։ Նրանք շարժվում են երկու ուղղությամբ՝ խճուղու եւ Կարյագինի» (Հայրենիք, 1923թ., թիվ 8, Բոստոն)։

Ադրբեջանական բանակը հյուսիսից՝ Գանձակից շրջափակել էր Ղարաբաղը մինչեւ Գյուլիստան եւ Թարթառ գետը, ապա օղակը ձգվում էր հարավ՝ մինչեւ Աղդամ։ Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ Աբրահամ Կիսիբեկյանն իր հուշերում գրում է.

«Վարանդայի ծայրամասերով շարունակելով պաշարումը, հասնում է մինչեւ Կարյագին։ Կարյագին-Ջեբրայիլ գծով Դիզակի Հադրութ, Դոլանլար, Բենյարտու, Հինթաչլար եւ Խծաբերդ գյուղերի հարավային շրջաններում տեղավորում է ադրբեջանական զորագնդեր...

...Ադրբեջանի կառավարությունը խիստ ուշադրություն էր դարձնում Աղդամ-Շուշի խճուղու վրա, որովհետեւ միակ ու գլխավոր ճանապարհն էր, որ Շուշին կապում էր Ադրբեջանի հետ։ Նա միեւնույն ժամանակ լուրջ ուշադրություն էր դարձնում Մսուրմանլար-Հաքյառու գծի վրա, որովհետեւ համոզված էր, որ Ղարաբաղի դեմ պատերազմելու դեպքում, անկասկած, նրան օգնության կհասներ Հայաստանի կառավարությունը, որի միակ ճանապարհը՝ դա Զանգեզուր-Կոռնիձոր-Խծաբերդ գիծն էր» (Աբրահամ Կիսիբեկյանի հուշերը Լեռնային Ղարաբաղի 1919-1920թթ. իրադարձությունների մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 1, 2010թ.)։

Նուրի եւ Խալիլ փաշաները՝ Շուշիում

1920թ. փետրվարի սկզբին Ղարաբաղ են գալիս թուրքական գեներալներ Նուրի եւ Խալիլ փաշաները։ Նրանք հաստատվում են Շուշիում եւ ակտիվ կազմակերպչական աշխատանք ծավալում։

 

«Հառաջ», 26 փետրվարի, 1920թ., թիվ 42, Շուշի, 7 փետրվարի

«Ութերորդ օրն է, որ Շուշի են հասել Նուրի փաշան, Խալիլ բեյը եւ մի քանի տաճիկ սպաներ: Նրանք բոլորովին ազատ պտտում են քաղաքում, պաշտոնական անձանց հետ եւ ինչ-որ պատրաստություններ են տեսնում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ: Կարյագինի ուղղությամբ Զանգեզուրի սահմանակից շրջաններում շարունակվում է թուրք զորքերի կենտրոնացումը: Անընդհատ զորքեր են ուղարկվում նաեւ Զաբուղի շրջանը: Լուրեր կան, որ Ջիվանշիրի սահմանակից շրջաններում եւս զորքեր են տեղավորվում: Կարյագինի կողմից հայկական Խծաբերդ գյուղի դեմ ուղղված են պահվում թնդանոթներ եւ գնդացիրներ, հավանորեն այդ ուղղությամբ Զանգեզուրի եւ Ղարաբաղի միջեւ ամեն կապ կտրելու նպատակով: Այս զորաշարժերը եւ տաճկական բարձրաստիճան սպաների ներկայությունը Ղարաբաղում ոչ մի կասկած չի թողնում, որ ինչ-որ մութ բան է ծրագրվում հայերի դեմ: Բոլոր նշաններից երեւում է, որ տաճիկ-թաթարական դավադրություն է պատրաստվում ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ամբողջ Հայաստանի դեմ»:

Հանդիպում Թիֆլիսում

Հայաստանի կառավարությունը, որն ուշադիր հետեւում էր Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացմանը, արդեն փետրվարի սկզբին տեղեկություններ է ստանում ադրբեջանական նախապատրաստության մասին, իսկ թուրքական սպաների ներկայությունը Ղարաբաղում վերջնականապես հանգեցնում է այն մտքին, որ առաջիկայում ծանր բախումներ են սպասվում։ Հայաստանը դիվանագիտական ակտիվ աշխատանք է սկսում ադրբեջանական հարձակումը կանխելու նպատակով։ Հունվարի 31-ին Արտաքին գործերի նախարարությունը հեռագրում է Թիֆլիսում դիվանագիտական ներկայացուցիչ Եվանգուլյանին, որ «Զանգեզուրի դեպքերի մասին խոսակցությունները հաստատվում են։ Ադրբեջանն իսկապես ագրեսիվ մտադրություններ ունի Ղարաբաղի եւ Զանգեզուրի հանդեպ» (ՀԱԱ,ֆ. 275, ց. 5, գ. 211, թ. 28)։

Հակամարտության երկու կողմն էլ ձգտում էր իր տեսակետը հասցնել ամերիկյան եւ բրիտանական ներկայացուցիչներին։ 1920թ. փետրվարի 25-ին Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչը հայտնում էր, որ Ուորդրոպի հրավերով Թիֆլիսում ոչ պաշտոնական հանդիպում է եղել հայերի ու ադրբեջանցիների միջեւ, որի նպատակն էր քննարկել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման տարբերակները։

Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջարկում էին Զանգեզուրում եւ Նախիջեւանում Ղարաբաղի օրինակով ազգային խորհուրդներ ստեղծել, որոնք կղեկավարեին շրջանները մինչեւ հաշտության համաժողովի վերջնական որոշումը։ Հայկական կողմն ընդդիմանում է այդ առաջարկին։ Միաժամանակ ադրբեջանցիներն առաջարկում էին վիճելի շրջաններից հանել «ագիտատորներին»։ 

Այդ հանդիպման մասնակից Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Լևոն Եվանգուլյանը գրում էր.


«Նրանք տվեցին Դրոյի անունը, որին մեր կողմից պատասխան եղավ, որ ճիշտ նույն իրավամբ մենք կարող ենք դրսի ագիտատոր անվանել Սուլթանովին»:

«Երբ մեր կողմից հարց դրվեց, թե ում նրանք ի նկատի ունեն դրսի ագիտատորներ հիշելով, նրանք տվեցին Դրոյի անունը, որին մեր կողմից պատասխան եղավ, որ ճիշտ նույն իրավամբ մենք կարող ենք դրսի ագիտատոր անվանել Սուլթանովին, քանի որ Դրոն դրսի մարդ չէ, այլ Հայաստանի պաշտոնյա։ Դրա դեմ նրանք առարկություն չունեին։ Իսկ մենք, մեր կողմից անվանեցինք Նուրի եւ Խալիլ փաշաներին եւ Խալիլ բեյին, եւ ուրիշներին, որոնք լինելով տաճիկ կառավարության սպաներ, իրոք հանդիսանում են իբրեւ դրսի ագիտատոր, որոնք գրգռում են տեղական ժողովրդին Ղարաբաղում եւ Շարուր-Նախիջեւանում Հայաստանի կառավարության դեմ եւ պահանջեցինք դրանց հեռացումը հիշյալ վայրերից։

Նրանք փորձեցին պաշտպանել այդ անձանց, առարկելով, որ նրանք ներկայումս այլեւս կապ չունեն թուրք կառավարության հետ եւ լոկ իբրեւ զինվորականներ մտել են Ադրբեջանական ծառայության մեջ» (ՀԱԱ, Ֆ. 275, ց. 5, գ. 212, թ. 42)։

Ուորդրոպը, Երեւանում հանդիպելով Հայաստանի կառավարության անդամներին եւ քննարկելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, ասում էր, որ Ադրբեջանը չի կարող «գոյություն ունենալ առանց Ղարաբաղի»։ Միաժամանակ բրիտանական պաշտոնյան առավել կարեւորում էր բոլշեւիկների դեմ պայքարը, քան երկու հանրապետության սահմանային վեճերն ու արյունալի բախումները։ Ռուբեն Դարբինյանն այսպես է նկարագրում Ուորդրոպի տեսակետը.

«Իսկ գալով ձեր սահմանային վեճերուն՝ ես կխորհիմ, թե այդ ալ դժվար չէ հարթել, եթե միայն դուք ընդհանուր շահերուն ստորադասեք ձեր մասնավոր շահերը եւ հրապարակ բերեք փոխադարձ զիջողականության տրամադրություն։ Պետք չէ մոռնաք, որ պետական սահմաններու գծման մեջ կարելի չէ ղեկավարվիլ միայն ազգագրական նկատումներով։ Դուք պետք է հասկնաք, որ առանց լեռնային, թեկուզ հայկական Ղարաբաղի՝ անկախ Ադրբեջան չի կրնար գոյություն ունենալ։ Այլապես ինչպե՞ս կուզեք, որ թրքական Նախիջեւանը կցվի Հայաստանին։ Ինչպես որ դուք չեք կարող անկախ գոյություն ունենալ առանց Նախիջեւանի, այնպես ալ Ադրբեջանը անկարող է գոյություն ունենալ՝ առանց լեռնային Ղարաբաղի։ Հետո, ես կկարծեմ, որ ձեր սահմանային վեճերը ձեր հարեւաններուն հետ երկրորդական նշանակություն ունեն։ Գլխավորը ձեր միությունն է ընդհանուր թշնամիի՝ Հյուսիսի դեմ» (Ռուբեն Դարբինյան, Հայաստանի Հանրապետության օրերուն, Հայրենիք, թիվ 6, 1950թ., Բոստոն):

 

***

 

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: